Կայացել է ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը:
Օրակարգային առաջին հարցով ներկայացվել են ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացման գագաթնաժողովի և «Post-Rio» համաշխարհային գործընթացին Հայաստանի մասնակցության արդյունքները: Անդրադարձ է կատարվել գագաթնաժողովի ընթացքում ներկայացված բնապահպանական ոլորտին առնչվող միջազգային փորձին, խնդիրներին և ձեռքբերումներին: Առաջարկվել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ «Հետ Ռիո գործընթաց»-ը համակարգելու համար, ինչն արժանացել է խորհրդի հավանությանը:
Այնուհետև քննարկվել է ՄԱԿ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման տասնամյակի իրականացումը ՀՀ-ում» ծրագրի ընթացքը: Նշվել է, որ աշխատանքներ են տարվում կրթության մատչելիության ապահովման, ուսուցիչների վերապատրաստման, ուսումնական հաստատություններում տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ: Տեղեկացվել է, որ հանրապետության գրեթե բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետ կապով, աշխատանքներ են տարվում նաև դպրոցները համակարգիչներով համալրելու և հայալեզու էլեկտրոնային ուսումնական մեթոդների մշակման ուղղությամբ:
Օրակարգային հաջորդ հարցով ներկայացվել է կրթական ծրագրերի ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է նոր սոցիալական քաղաքականության դոկտրին, որի կարևորագույն ուղղություններից է՝ անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաներին կրթական ծրագրերում ընդգրկելն ու դրա միջոցով նրանց մարդկային կապիտալը հզորացնելը: Ծրագրի փորձնական փուլն իրականացվել է 2012 թվականին՝ Լոռի մարզի և Երևանի Շենգավիթ համայնքի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաների համար: Արդյունքները ցույց են տվել ծրագրի կենսունակությունը և դրա շարունակության ու ընդլայնման անհրաժեշտությունը: ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է համապատասխան մեխանիզմների մշակման միջոցով ապահովել ծրագրի ինստիտուցիոնալիզացման գործընթացը: Այդ նպատակին են ծառայելու նաև հանարապետությունում ստեղծվող համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները:
Անդրադարձ է կատարվել նաև Կայուն զարգացումների գնահատման մոտեցումներին և խնդիրներին: