Րաֆֆի Հովհաննիսյան. Դահլիճներ չտրամադրելը փոքրոգություն ու մանրություն է
Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Էջմիածնի բնակիչներին: Հանդիպումը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է տեղի ունենար Էջմիածնի երաժշտական դպրոցում, ինչի մասին օրեր առաջ հայտարարել էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:
Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր իր համակիրների հետ հանդիպեց Էջմիածնի Մշակույթի տանը:
168.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է տեղի ունեցել, որ երաժշտական դպրոցը հրաժարվել է դահլիճ տրամադրել:
«Մեր կազմակերպչական հանդիպումների ժամանակ եղել են դեպքեր, երբ որոշել են դահլիճ տրամադրել մեզ, բայց վերջին րոպեին հանում են պայմանավորվածությունը: Նման մի դեպք գրանցվեց Թալինում, Գավառում, իսկ Իջևանում դահլիճ ընդհանրապես չտրամադրեցին: Մի շաբաթ առաջ, եթե հիշում եք, հայտարարված էր, որ հանդիպումը պետք է տեղի ունենար թիվ երկու երաժշտական դպրոցում, բայց երեկ գիշեր նախնական պայմանավորվածությունը փոխվեց»,- մեզ հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ դահլիճներ չտրամադրելու հանգամանքը «հանրապետական մակարդակով որոշում» է, ինչը ցույց է տալիս, որ կա որոշ հակասահմանադրական կեցվածք՝ քաղաքացիական ժողովների նկատմամբ, որտեղ կա ազատ խոսք ու բանավեճ է:
«Սա փոքրոգություն ու մանրություն է: Նրանք, ովքեր խոսում են իրավունքի, սահմանադրության Հայաստանի մասին, պետք է թույլ չտային՝ միջնադարյան քաղաքացիական վախով առաջնորդող որոշում կայացնեին»,- նշեց նա:
Իսկ հավաքվածներին Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրեց, որ «ինչ-որ դահլիճային խաղ ու պար է գնում, անվստահության կամ հրահանգի պատճառով՝ չգիտեմ»:
Հանդիպման մանրամասները՝ առաջիկայում: