Գուրգեն Եղիազարյանը պատրաստ է անձամբ զբաղվել Գևորգ Պերկուպերկյանով
«Հերթական սրիկայությունն են անում, հերթական սադրանքն են փորձում իրագործել, որը չի հաջողվի: Այնպես որ, որդուս մի կողմ կթողնեմ, ես կխառնվեմ ամեն ինչին` իմանալով, թե ով է այդ փոքրիկ բալիկի հովանավորը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ արձագանքելով Գևորգ Պերկուպերկյանի տարածած հայտարարությունը:
Նա հաստատեց միայնայն տեղեկությունը, որ իր որդին զանգահարել է Գ. Պերկուպերկյանին, սակայն ոչ հայհոյել է, ոչ էլ՝ սպառնացել: Ըստ Գ. Եղիազարյանի՝ իր որդին ընդամենն ասել է, թե՝ «դու այնքան չկաս…»:
Նա միաժամանակ նշեց, թե իր համար հասկանալի է, թե ինչու է Պերկուպերկյանը նման հարցազրույց տվել՝ անդրադառնալով իրեն և Լյուդմիլա Սարգսյանին: «Որովհետև ես իմ ասուլիսում վարչապետ Տիգրան Սարգսյանին մեղադրանք էի ներկայացրել, որ նա սրիկայաբար վաճառել է Հայաստանի ոսկու պաշարները»,- ասաց Գ. Եղիազարյանը:
Նշենք, որ ՍԴՀԿ մամլո ծառայության տարածած հայտարարություն մեջ ասվում է, որ այսօր ՍԴՀԿ ատենապետ Գևորգ Պերկուպերկյանի հարցազրույցից հետո, որտեղ վերջինս գնահատականներ է հնչեցնում Լյուդմիլա Սարգսյանի և Գուրգեն Եղիազարյանի մասին, նրան զանգահարել է մեկը, ով ներկայացել է Գ. Եղիազարյանի որդի՝ Համբարձում Եղիազարյան, և հայհոյախառն արտահայտություններով սպառնալիքներ հնչեցրել:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ Գևորգ Պերկուպերկյանը գտնվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավարության ներքո: «Այդ մեծագույն հովանու ներքո` նա կարող է աճել, զարգանալ: Թող չհուզվի, չվախենա ոչ մի բանից: Իզուր է այս փոքրիկ տղան ահաբեկվել: Ինքն անմիջապես կդիմի իշխանություններին և կփորձեն ինչ-որ բան սարքել շանտաժի կարգով: Այնպես որ՝ բալիկը թող չվհատվի»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը: