Գուրգեն Եղիազարյանի որդին հայհոյախառն արտահայտություններով սպառնալիքնե՞ր է հնչեցրել Գևորգ Պերկուպերկյանին
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Այսօր մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են ՍԴՀԿ ատենապետ Գևորգ Պերկուպերկյանի հարցազրույցը, որտեղ վերջինս գնահատականներ է հնչեցնում ՍԴՀԿ-ից վտարված (2009 թ.) Լյուդմիլա Սարգսյանի և նրա ենթակա Գուրգեն Եղիազարյանի մասին: Այդ հարցազրույցից անմիջապես հետո Գևորգ Պերկուպերկյանին է զանգահարել ոմն մեկը, ով ներկայացել է Եղիազարյանի որդին՝ ՀԱԿ՝ Երևանի ավագանու նախընտրական ցուցակի 6-րդ համարը զբաղեցնող Համբարձում Եղիազարյանը և հայհոյախառն արտահայտություններով սպառնալիքներ է հնչեցրել ՍԴՀԿ-ի և Պերկուպերկյանի հասցեին: Մենք դա գնահատում ենք իբրև սպառնալիք իրեն ընդդիմադիր հորջորջող այս ընտանիքի կողմից, սակայն իբրև քաղաքական կուսակցություն պատրաստ ենք դեպքերի ցանկացած զարգացմանը: Հեռախոսազանգերով մեզ չեն վախեցնի:
Հ.Գ. Ամենայն սիրով պատրաստ ենք նրա հետ խոսել իր արժանի լեզվով, սակայն հաշվի առնելով ՀԱԿԿ-ի քարոզչության սադրիչ բնույթը, կհամբերենք, երբ կանցնի այս քարոզարշավն ու վերջինս դա չի գնահատի իբրև դաժան հաշվեհարդար «ընդդիմադիր ռահվիրայի դեմ»: