Ինչո՞ւ է Ծառուկյանը փորձում գնել ընդդիմությանը

Հայաստանյան քաղաքական գործընթացներում փողի դոմինանտության մասին գիտեն ու խոսում են բոլորը: Լայն իմաստով, եթե Հայաստանում այլևս որևէ բան ազդում է քաղաքական զարգացումների վրա, ապա դա փողն է: Գաղափարախոսություն, արժեքներ, սկզբունքներ… ամեն ինչ ստորադասվում է փողին: Թե երբ և ում կողմից են դրվել այդ արատավոր երևույթների արմատները, քննարկման այլ թեմա է:

Իրողությունն այսօր այն է, որ գլոբալ առումով` Հայաստանում իշխանությունը պատկանում է փողին և հակառակը՝ փողը պատկանում է իշխանությանը: Սա ոչ թե բառախաղ է, այլ օբյեկտիվ իրականություն:

Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանում փող ունեն միայն իշխանությունները:  Ամենևին: Բայց փող ունենալը դեռևս բավարար պայման չէ դա «քաղաքական փող» դարձնելու համար: Այսինքն՝ որպեսզի որևէ ուժ կամ գործիչ կարողանա փողի միջոցով քաղաքական խնդիրներ լուծել, փողից բացի, պետք է ունենա նաև դա քաղաքական նպատակներով ծախսելու թողտվություն՝ ինդուլգենցիա: Հենց այդ ինդուլգենցիան է, որ Հայաստանում այսօր ունի միայն իշխանությունը, Հանրապետական կուսակցությունը: Հետևաբար, բոլոր այլ՝ փող ունեցող քաղաքական միավորները հայտնվում են անհավասար պայմաններում, քանի որ ՀՀԿ-ն մենաշնորհ ունի քաղաքականության մեջ փող ծախսելու ասպարեզում:
ՀՀԿ-ին համարժեք կամ գրեթե համարժեք ֆինանսական հնարավորություններ ունի նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ստեղծման հիմքում ի սկզբանե դրվել է փողի քաղաքական ֆունկցիայի սկզբունքը:

Այդ սկզբունքով ԲՀԿ-ն բարագավաճեց՝ ընդհուպ մինչև անցած խորհրդարանական ընտրությունները: Երևանի ավագանու ընտրություններում, սակայն, ԲՀԿ-ն կարծես չի ստացել փող ծախսելու ինդուլգենցիա: Իհարկե, մամուլում հրապարակումներ եղել են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն այդ հարցի շուրջ որոշակի պայմանավորվածություն ձեռք են բերել: Սակայն, եթե անգամ դա համապատասխանում է իրականությանը, այսինքն՝ ԲՀԿ-ն ստացել է այդ ինդուլգենցիան, ապա, ըստ ամենայնի, ստացել է առանց երաշխիքի: Ցանկացած ստվերային պայմանավորվածություն, ի վերջո, կարող է նաև թակարդ լինել՝ հատկապես, երբ իշխանությունը ինդուլգենցիա է տալիս նաև ոստիկաններին՝ Գագիկ Ծառուկյանին «ճիշտ ճանապարհը» հուշելու համար:

Մի խոսքով, առաջիկա ընտրությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ԲՀԿ-ն ունի փող, բայց չունի այդ փողը բացահայտորեն ընտրակաշառքի վերածելու վստահություն: Բայց քանի որ առանց փողի ԲՀԿ-ն ընտրություններում կարող է խայտառակ ցածր ցուցանիշներ ստանալ (ճիշտ այնպես, ինչպես ՀՀԿ-ն), ապա ստիպված է այդ գործունությունն իրականացնելու այլընտրանքային ուղիներ գտնել: ԲՀԿ-ն այս հարցում շարժվում է «փորձված թանի» սկզբունքով՝ փորձելով իր առանցքի շուրջ երկրորդ անգամ ձևավորել ընտրությունների օրինականությունը վերահսկող միասնական շտաբ:

Այնպես, ինչպես 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում: Եթե մի կողմ թողնենք հռչակագրային ձևակերպումները, ապա այդ շտաբի ստեղծման հիմնական մոտիվը հետևյալն է. դրան մասնակից ուժերը պետք է քննադատեն միայն ՀՀԿ-ին և բացահայտեն վերջինիս կողմից թույլ տրվող օրինախախտումները՝ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառքի բաժանումը համարելով՝ որպես «բուրժուադեմոկրատական հեղափոխության գործում ներդրված ավանդ»: Այսինքն՝ ԲՀԿ-ն չունենալով իշխանության ինդուլգենցիան, միասնական շտաբի միջոցով փորձում է ստանալ ընդդիմության քաղաքական ինդուլգենցիան: Այս երկուսի տարբերությունն այն է, որ եթե առաջինն ունենալու դեպքում ընտրակաշառք բաժանելու փաստերի վրա աչք են փակում իրավապահպաները, ապա երկրորդի առկայությունը հնարավորություն է տալիս իրավապահպանների ցանկացած գործողություն ներկայացնել՝ որպես «քաղաքական հետապնդում»:

Դիցուք, ոստիկանները «բռնում» են ընտրակաշառք բաժանող որևէ ԲՀԿ-ականի, դրան ի պատասխան՝ միասնական շտաբն իսկույն հանդես է գալիս միասնական հայտարարությամբ՝ կատարվածը որակելով՝ որպես իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք, ընտրությունների նորմալ ընթացքը խաթարելու չարամիտ փորձ, ձերբակալվածին էլ ներկայացնում է՝ որպես «քաղաքական հալածյալ»: Թե ինչ արժեք կարող է ունենալ ընդդիմության  ինդուլգենցիան, դժվար է ասել: Սակայն հաշվի առնելով, որ հատկապես ԲՀԿ-ականները լավ գիտեն, թե որտեղ է լինում անվճար պանիրը, հակաավազակապետական պայքարի հարուստ փորձ ունեցող ՀԱԿ-ին և դարավոր թշնամու դեմ պայքարի բովով անցած ՀՅԴ-ին Գագիկ Ծառուկյանը հազիվ թե «դժգոհ» թողնի:

Ի դեպ, ինչպես 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, այնպես էլ այսօր այս ուժերը սվիններով են ընդունում «Ժառանգության» կողմից ընտրությունների «միասնական վերահսկողությանը» չմասնակցելու փաստը: Իհարկե, «Ժառանգությանը» քննադատելն այսօր մոդայիկ է դարձել, բայց հանուն արդարության՝ պետք է ասել, որ նրա դիրքորոշումն այս հարցում սկզբունքային է: Ի վերջո, «Ժառանգությունը» պարզ և հասկանալի կերպով ասում է, որ չի պատրաստվում պայքարել ՀՀԿ-ի ու նրա կողմից իրականացվելիք ընտրախախտումների դեմ մի ուժի միջոցով կամ հովանու ներքո, ում այդ պայքարն անհրաժեշտ է սեփական ընտրախախտումները լեգիտիմացնելու համար:

«Ժառանգության» ներկայացուցիչներն այդպես էլ չեն կարողացել հասկանալ «բուրժուադեմոկրատական հեղափոխության» և «պոկում» օպերացիայի առանձնահատկությունները:

Տեսանյութեր

Լրահոս