Հաջորդ տարի տարածաշրջանին կհարվածի «թմրանյութային ցունամին». Ալի Աքբար Սալեհի
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հաջորդ տարի տարածաշրջանն էլ ավելի մեծ խնդիրներ է ունենալու՝ կապված թմրանյութերի հետ, ինչը վերջին հաշվով կարելի է համեմատել «թմրանյութային ցունամիի» հետ:
Սալեհին այս հայտարարությունն արել է Ղազախստանում՝ Աֆղանստանի վերաբերյալ կոնֆերանսում: Խոսելով Աֆղանստանի մասին՝ Սալեհին հայտարարել է, որ հաջորդ տարի Աֆղանստանում եռապատկվելու է այն տարածքների քանակը, որոնք օգտագործվում են թմրանյութերի աճեցման համար.
«Տարածաշրջանը տառապում է կրթական ցածր մակարդակից, ֆինանսական ռեսուրսների պակասից և թույլ տնտեսությունից: Դրանք տարածաշրջանի երկրների համար ընդհանուր խնդիրներ են, որոնք բացասաբար են ազդում նրանց վրա:
Այդ խնդիրների լուծման համար օտար զորքերը պետք է հեռանան տարածաշրջանից, իսկ նրա երկրները պետք է իրենց խնդիրները լուծեն ինքնուրույն: Հուսով եմ, որ Աֆղանստանն ու ասիական մյուս երկրները մեծ ուշադրություն կհատկացնեն տարածաշրջանային համագործակցությանն ու կբարձրացնեն դրա մակարդակը»:
Նշվում է, որ Իրանն ակտիվացրել է թմրաշրջանառության դեմ պայքարը: Իրանի աշխարհագրական դիրքը նրան վերածել է թմրավաճառների համար սիրելի տարանցիկ միջանցքի՝ Աֆղանստանից իրենց բեռները Եվրոպա ուղարկելու համար:
Յուրաքանչյուր տարի Իրանի կառավարությունը ծախսում է հարյուրավոր միլիոն դոլարներ՝ ուժեղացնելով Աֆղանստանի ու Պակիստանի հետ իր սահմանի վերահսկողությունը: Իրանցի չինովնիկների խոսքերով՝ թմրանյութերի դեմ պայքարն Իրանի համար տարեկան արժենում է մեկ միլիարդ դոլար: