Դավիթ Հակոբյան. Գագիկ Ծառուկյանը երբեք սուր չի բարձրացնի արքունիքի նկատմամբ, բայց արքունիքն էլ պետք է նրա խոհեմությունը գնահատի
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաև ԲՀԿ անդամ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի հայտնի այն հայտարարությանը, թե ժամանակն է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն դառնա:
«Երբ ես խորհում եմ իմ շատ հարգարժան Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի մասին, գալիս եմ այն եզրակացության, որ հաճախ կապիտալիստներն ավելի խոհեմ են լինում, քան նրանց քաղաքական սպասավորները, որովհետև Գագիկ Ծառուկյանը հիանալի տիրապետում է Ֆրիդրիխ Էնգելսի ձեռնարկատիրական կապիտալի մասին օրենքին, և նա երբեք սուր չի բարձրացնի արքունիքի նկատմամբ, բայց արքունիքն էլ պետք է նրա խոհեմությունը և համեստությունը ոչ միայն չշահագործի, այլև գնահատանքի արժանացնի… Այս մասին թող լավ փիքր անեն արքունիքում»,- իշխանություններին սթափության կոչ արեց Դավիթ Հակոբյանը:
Նա համոզված է, որ ինչպես խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն առանց Գագիկ Ծառուկյանի հաղթանակ չէր տանի, այնպես էլ՝ Երևանի ավագանու ընտրություններում չի կարող հաղթել: Նա կոչ արեց ՀՀԿ-ին հաշտ լինել ԲՀԿ-ի հետ, այլապես տուժողի դերում կլինեն:
«Եթե հանկարծ իսկապես ԲՀԿ-ն գնա ռադիկալ, դա ողբերգական կլինի իշխանությունների համար»,- զգուշացրեց Դավիթ Հակոբյանը: