Ուռուցքով հիվանդների թիվը Հայաստանում մեծանում է

Հայաստանին դեռևս չի հաջողվել լիարժեքորեն ներդնել և կիրառել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն ուռուցքաբանության ոլորտում։ Այս մասին այսօր ասաց ՀՀ Առողջապահության փոխնախարար Գևորգ Պողոսյանը «Ուռուցքաբանություն, վիրաբուժություն, բիոպաթոլոգիա` ակտուալ խնդիրներ» թեմայով հայ-ֆրանսիական թեմայով գիտաժողովի ընթացքում։

ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության Ազգային կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ալեքսան Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուռուցքներ ունեցող հիվանդների թիվը տարեցտարի շատանում է. «Մեր հանրապետությունում կազմում են մոտ 2,5-3 տոկոս։ Դա նկատվում է ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում։ Բոլոր երկրներում հիվանդների թիվն աճում է նույն տեմպով։ Վերջին տարիներին ամենահաճախ հանդիպող հիվանդությունը թոքերի քաղցկեղն է, երկրորդ տեղում կրծքագեղձի քաղցկեղն է։ Այդ հիվանդությունները շատանալու միտում ունեն»։ Ալեքսան Ալեքսանյանը նշեց, որ հիվանդների թվի աճը հավանաբար կապված է սննդի որակի, սթրեսների, էկոլոգիական խնդիրների հետ։ Ուռուցքաբանության Ազգային կենտրոնի գիտական գծով փոխտնօրենի խոսքով ժամանակակից ուռուցքաբանության հիմնական խնդիրը հիվանդների վաղ հայտնաբերումը և ժամանակին բուժումն է։ «Եթե չարորակ ուռուցքը հայտնաբերվում է հիվանդության առաջին փուլում, ապա բուժման արդյունավետությունը կազմում է 95-98 տոկոս։ 95-98 տոկոս հիվանդներն ապրում են հինգ և ավելի տարիներ, այսինքն` պրակտիկորեն առողջանում են։ Երկրորդ փուլում հայտնաբերելու դեպքում բուժման արդյունավետությունը կազմում է 70 տոկոս։ Երրորդ փուլի ժամանակ արդյունավետությունն ավելի ցածր է։ Վերջին փուլում հայտնաբերելու դեպքում ապրում են հիվանդների 5-10 տոկոսը։ Դրա համար էլ կարևոր է հիվանդների վաղ հայտնաբերումը և ժամանակին բուժումը»։
Ալեքսան Ալեքսանյանն ասաց, որ տարեկան մոտ 8000-9000 հիվանդների մոտ առաջին անգամ ուռուցք է հայտնաբերվում։ Նրա խոսքով, ուռուցքաբանության ազգային կենտրոնում մոտ 500 մահճակալ կա, որոնք միշտ ծանրաբեռնված են լինում։ Որոշ դեպքերում նոր հիվանդները ստիպված են լինում մի քանի օր սպասել մինչև մահճակալներ ազատվեն։
Անդրադառնալով ուռուցքներ ունեցող երեխաներին` Ալեքսան Ալեքսանյանն ասաց, որ նման երեխաների թիվը կարծես թե չի աճում. տարեկան 80-90 հիվանդ է հայտնաբերվում։ Նշենք, որ գիտաժողովին մասնակցում էին նաև Փարիզի Գուստավ Ռուսսկիի անվան ուռուցքաբանության կենտրոնի բժիշկները։ ՀՀ ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի հետ Փարիզի այս կենտրոնը համագործակցում է 2010թվականից, որի ընթացքում Հայաստանի մի քանի բժիշկներ վերապատրաստվել են Փարիզի ուռուցքաբանության կենտրոնում, ինչպես նաև Հայաստանի ուռուցքաբանության կենտրոնին են տրամադրվել որոշ լաբորատոր սարքեր։

Տեսանյութեր

Լրահոս