Արման Մուսինյան. Անհրաժեշտ էր այդ գործընթացի գնահատականը տալ, և այդ գնահատականը տրվեց մաքսիմալ անկեղծ

ՀՀ առաջին նախագահի մամլո խոսնակ, Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) վարչության անդամ Արման Մուսինյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսում նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿԿ-ն պատրաստ է համագործակցության ոչ իշխանական ուժերի հետ` դրանց օրինական ընթացքը վերահսկելու հարցում:

Հարցադրմանը, թե նա ինչպե՞ս եք դա հնարավոր համարում` հաշվի առնելով ընդդիմադիր ուժերի, մասնավորապես՝ ՀԱԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչների կողմից միմյանց հասցեին շարունակաբար հնչող հրապարակային մեղադրանքները,  Արման Մուսինյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ը, ավագանու քարոզարշավից սկսած, որևէ քննադատական խոսք չի ուղղել որևէ կուսակցությանը` բացառությամբ Հանրապետականի:

«Եթե դուք նկատի ունեք համագումարում նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթը, ապա ասեմ` երկրում, փետրվարի 18-ից սկսած, տեղի էր ունեցել մի գործընթաց, որն ավարտվել էր ապրիլի 9-ին, և դա քարոզարշավի հետ կապ չուներ, բայց անհրաժեշտ էր դրա գնահատականը տալ, և այդ գնահատականը տրվեց մաքսիմալ անկեղծ:

Հիմա կարող է` որոշ մարդկանց դուրը չգա: Ի՞նչ կարող ենք մենք անել, այդ վշտին կդիմանանք,- նշեց Մուսինյանը,- Բայց ինչ վերաբերում է քաղաքապետական ընտրություններին, ապա եթե դուք բերեք մեկ օրինակ, որ Հայ ազգային կոնգրեսը պաշտոնապես որևէ ձևով թիրախավորել է այլ կուսակցության, բացի ՀՀԿ-ից, ես կընդունեմ ձեր մեղադրանքը»:

Կարդացեք նաև

Իսկ այն մասին, որ այսօր «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանն ընդդիմադիր ուժերին  կոչ էր արել մի կողմ դնել քաղաքական խանդը և միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին, Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակը նշեց, թե չգիտի ինչի մասին է խոսում Անահիտ Բախշյանը: «Կճշտեմ, նոր կպատասխանեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀԱԿԿ առաջին համագումարում  Լևոն Տեր-Պետրոսյանը, պատասխանելով մեղադրանքներին, թե ինչո՞ւ ՀԱԿ ղեկավարությունը չի միանում Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժմանը, պատասխանել էր.

«Կներեք, շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել մեր հարգարժան Սերժ Սարգսյանը. միանայի՝ ի՞նչ անեի, միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Կներեք՝ Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել»:

Տեսանյութեր

Լրահոս