Գուանտանամոյի բանտում հացադուլին մասնակցում է բանտարկյալների կեսից ավելին
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գուանտանամոյի ամերիկյան բանտում կազմակերպված հացադուլին մասնակցում է 92 բանտարկյալ: Ընդհանուր առմամբ, Գուանտանամոյի բանտում պահվում է 166 բանտարկյալ:
17 բանտարկյալ գտնվում է կաթուցիկի տակ (ստանալով սնուցում), երկուսը հոսպիտալացվել են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Միևնույն ժամանակ Գուանտանամոյի բանտարկյալների փաստաբանները պնդում են, որ իշխանությունները նվազեցնում են հացադուլին մասնակցող բանտարկյալների քանակը:
Գուանտանամոյի 15 բանտարկյալի շահերը ներկայացնող Դևիդ Ռեմեզը հայտարարել է, որ փետրվարից, երբ հայտնի դարձավ բողոքի ակցիայի մասին, սննդից հրաժարվում է մոտ 130 մարդ: Գուանտանամոյի ղեկավարություը հացադուլի փաստը ճանաչել է մարտի 15-ին:
Պաշտոնական տվյալներով՝ այդ ժամանակ բողոքի ակցիային մասնակցում էր 14 մարդ: Գուանտանամոյում շարունակվում են բանտարկյալների ու բանտի աշխատակիցների միջև բախումները. մոտ 60 մարդ պահվում է անհատական խցերում՝ որպես պատիժ:
Գուանտանամոյի բանտը գործում է 2002 թվականից: Այստեղ պահվում են ռազմական հանցագործություններում ու ահաբեկչական գործողություններում մեղադրվողները: Իրավապաշտպանները քանիցս հայտարարել են Գուանտանամոյի բանտում մարդու իրավունքների խախտման մասին, ինչը մասնավորապես վերաբերում է բանտարկյալններին կտտանքների ենթարկելուն: