Ապրիլի 24-ը թուրք-ամերիկյան հարաբերություններում ամեն տարի միայն մեկ օր է տևում. Էգեմեն Բաղըշ

Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնխարար և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը.

«Ապրիլի 24-ը թուրք-ամերիկյան հարաբերություններում ամեն տարի միայն մեկ օր է տևում: Ըստ իս՝ անհրաժեշտ է վեր նայել այս թեմայով հայտարարություններից ու բառերից: Պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք համատեղ շահերի վրա: Դժբախտաբար, այսօր Հայկական սփյուռքը վնաս է պատճառում Հայաստանի իրական ազգային շահերին:

Հայաստանն ու Թուրքիան հարևաններ են և կարող են դառնալ լավ գործընկերներ: Սակայն կան այնպիսիք, ովքեր ցանկանում են թունավորել այդ հարաբերությունները՝ փորձելով օգտվել անցյալի տխուր հիշողություններից: Թուրքիան օբյեկտիվորեն է նայում 1915 թվականին կատարվածին և շարունակելու է վարվել նույն կերպ:

9 տարի առաջ վարչապետ Ռեջեփ Էրդողանը ողջ խորհրդարանի աջակցությամբ նամակ ուղարկեց Հայաստանի նախագահին (Ռոբերտ Քոչարյանին), որում նշել էր. «Ես պատրաստ եմ առերեսվել իմ պատմության հետ, եթե դուք էլ պատրաստ լինեք դրան»: Մի՞գուցե նա նման արտահայտություն գործած առաջին թուրք քաղաքական գործիչն է:

Թուրքիան Հայաստանին և շահագրգիռ բոլոր երկրներին հրավիրել է պատմաբանների ու հետազոտողների միջոցով ուսումնասիրել Օսմանյան բոլոր արխիվները: Մեր արխիվներում դա ներկայացված է որպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ներքին պատերազմ: Եվ եթե կան այլ բանի մասին վկայություններ, ապա մենք պատրաստ ենք համատեղ հետազոտել դրանք:

Եթե պատմաբաններ, հետազոտողներն ու ակադեմիկոսները գան պատմական օբյեկտիվ եզրահանգման, ապա մենք՝ քաղաքական գործիչներս, կնայենք դա և կկայացնենք համապատասխան որոշում: Մինչդեռ արդարացի չէ, երբ ներկայիս Թուրքիային մեղադրում են ոչ ներկայիս Թուրքիայում իրականացված հանցանքի մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս