Երևանի զարգացումը մնայուն, հիմնարար արժեքների ստեղծումն է

Ասում է Երևանի ավագանու ընտրություններին «Օրինաց Երկիր» կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող` ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը:

– Այսօր Դուք ՕԵԿ կուսակցության անդամ եք, ինչո՞վ է դա պայմանավորված։

– Ես թիմային աշխատող եմ։ Քաղաքական դաշտում չկա այլ դասական տարբերակ, քան կուսակցական աշխատանքն է։ Ուսումնասիրելով մեր քաղաքական համակարգը, ընտրեցի «Օրինաց Երկիր» կուսակցության հետ համագործակցությունը։ Բազմաթիվ կիսատ մնացած գործեր կան, «Օրինաց Երկիր» կուսակցությունն ունի այն ինտելեկտուալ մակարդակը և ներքին ազնիվ կառուցվածքը, որ հնարավորություն է տալիս դրսևորվելու և գնահատվելու` ըստ կատարած իրական աշխատանքի։

– Երևանի ավագանու նախկին ընտրություններում ՕԵԿ-ը չհաղթահարեց նվազագույն շեմը։ Ի՞նչ հիմք ունեք այս անգամ բարելավում և հեղինակության աճ արձանագրելու։

Կարդացեք նաև

– Երևանի ավագանու 2009 թվականի ընտրություններում ընտրական շեմը 7 տոկոս էր, իսկ ՕԵԿ-ը 6-ի մոտ ձայներ էր հավաքել։ Այսօր գիտակցված է, որ դա բարձր շեմ էր։ Բայց հիմնականը դա չէր։ 2009-ը ՕԵԿ-ի համար բավական ծանր ժամանակահատված էր քաղաքական առումով, 2008-ին, նախագահական ընտրություններից հետո Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ դաշինքի հիման վրա կոալիցիոն կառավարություն ձևավորվեց։ Ակնկալիքներ կային, որ «Օրինաց Երկիրը» կարող է հանդես գալ արմատական ընդդիմության հետ միասին, և այս ելակետից նրա վրա ոչ ադեկվատ քարոզչական վարկաբեկչական հարձակում ծավալվեց։ Կրիտիկական զանգվածը պահելու համատեքստում ընդդիմության հիմնական թիրախը դարձել էր ՕԵԿ-ը։

Այն պարագայում, երբ քաղաքական ուժերի մեջ, եթե ուսումնասիրենք ՕԵԿ անցած ճանապարհը, ամենակառուցողականն էր բոլոր առումներով՝ թեկուզ իր խորհրդարանական գործունեության ընթացքում ազգաբնակչության կենսական շահերի պաշտպանությանն ուղղված ամենամեծ քանակի օրենսդրական առաջարկությունների անցկացման առումով։ Այդ թվում՝ սոցիալական ոլորտում, ավանդների հետ կապված հայտնի հարցում, կրթական, մշակութային, մարզական օբյեկտների սեփականաշնորհման դադարեցման վերաբերյալ, և այլն, և այլն։ Իր ուղղակի կոչումն «Օրինաց Երկիրը» լավագույնս է կատարել։

– Պայքարը դարձյալ, ինչպես ասվել է ավելի վաղ, երկրորդ տեղի համա՞ր է գնալու։

– Չգուշակենք, թե ինչ հարաբերություն կդասավորվի, բայց ընդունեք, որ մեր կադրերը ոչնչով չեն զիջում մյուսներին։ Մենք ի վիճակի ենք և՛ ինքնուրույն պատասխանատվություններ վերցնելու, և՛ էականորեն օժանդակելու այն ուժերին, որոնք անկեղծորեն շահագրգիռ են կառուցողական գործունեություն ծավալելու երկրի համար կարևորագույն ոլորտներում։

– Դրա համար էլ ձգտում եք կոալիցիայո՞վ հանդես գալ։

– Դա պայմանավորվում է քաղաքական իրականությամբ։

– Նախորդ ընտրություններում «Բարգավաճ Հայաստանը» վստահորեն երկրորդ տեղը գրանցեց, այդ թվում՝ մայրաքաղաքի ավագանիում։

– Սակայն ավագանու կազմում այս կուսակցության աշխատանքը Հանրապետականի ֆոնին առանձնապես աչքի չընկավ։ Ավագանու ընտրություններում նրա ձայների բարձր քանակը կարելի է բացատրել նրանով, որ այն ժամանակ «Բարգավաճ Հայաստանը» հանդես էր գալիս կառուցողական դաշտում. հիշենք, որ նա իշխող կոալիցիայի կազմում էր։ Անցնելով արմատական դաշտ՝ «Բարգավաճ Հայաստանի» ձայները կարող են մոտենալ մյուս ընդդիմադիր ուժերի տոկոսներին։

– Դուք կարևոր վարչական շրջանի ղեկավար եք եղել. ի՞նչ եք արել։

– Ես` որպես Արաբկիրի թաղապետ, պաշտոնավարել եմ մայրաքաղաքի կայացման համար վճռորոշ ժամանակաշրջանում, Երևանի համար շրջադարձային, վերելքի տարիներին, երբ ավերը, փչացումը, անտերությունը, անկարողությունը հաղթահարվեցին, տնտեսական ակտիվությունը հնարավորինս վերականգնվեց, ծախսերը և ներդրումներն աճեցին ու իրական բովանդակություն ստացան, ինտենսիվ կառուցվեցին ու արդիական տեսք ստացան հաղորդուղիները, ճանապարհները։ Ամբողջովին փոխվեց քայքայված ճանապարհային ծածկույթը, հայտնվեցին նոր ճանապարհային հանգույցներ, որ մնալու են մայրաքաղաքի պատմության մեջ։

Վերականգնվեցին քաղաքի լուսավորությունը, ոռոգումը, հզոր բարեկարգում իրականացվեց: Ես հպարտ եմ, որ այս ամենում վերջին մասնակիցներից չեմ եղել, որ նպաստել եմ այդ գործին։ Այդ տարիներին կատարվածի մասին երկար կարելի է խոսել, բերեմ մեկ-երկու օրինակ։ Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում կրկնապատկվեց համայնքի բյուջեն։ 2005-ին ունեինք սանմաքրման մեկ մեքենա, 2008-ին, երբ ես դուրս եմ եկել, թողել եմ 45-ը։ Նայե՛ք, թե հիմա դրանցից քանիսն է աշխատում։ Շատ բաներ չենք հասցրել, բայց իմ աշխատանքի տարիներն ինտենսիվ վերելքի տարիներ են եղել, և ես աշխատել եմ ամբողջ նվիրվածությամբ։ Եվ գիտեմ, որ մեր բնակիչները հիշում են և ի վիճակի են տարբերակել լավն ու վատը։

– Ժամանակին Դուք թաղապետ դարձել եք ուղղակի ընտրությունների ճանապարհով։ Որո՞նք են տեղական կառավարման մարմինների ընտրովիության առավելությունները և թերությունները։ Փորձենք համեմատել այսօրվա՝ նշանակովի կարգի հետ։

– Թաղային համայնքների ղեկավարների ուղղակի ընտրությունն ավելի հասցեական, ներկայացուցչական էր և դրանով՝ ավելի ժողովրդավարական։ Դառնալով նշանակովի, այստեղ, բնականաբար, սկսեցին արտահայտվել սուբյեկտիվության դրսևորումները։ Կարելի է մտածել՝ ուղղակի նշանակումը նպաստում է իշխանության կենտրոնացմանը, սակայն չի նպաստում աշխատանքի առավել արդյունավետ դառնալուն։ Չպետք է վախենալ տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություններ պատվիրակելուց, պետք են նաև հստակ մեխանիզմներ։

– Դուք մշտապես և սերտորեն կապված եք Արաբկիր համայնքի հետ և անպայման կիմանաք՝ որոնք են մնում այստեղ գլխավոր խնդիրները, ի՞նչ դժվարություններ են սպասում այս վարչական շրջանի նորանշանակ, բավականին արագ փոփոխվող ղեկավարներին։ Եվ ի՞նչ են նշանակում այդ փոփոխությունները։

– Արաբկիրում ես ապրում եմ շուրջ 45 տարի, և այն ինձ համար մեր քաղաքի ամենահարազատ հատվածն է, ճանաչում եմ յուրաքանչյուր անկյուն, և ինձ էլ ճանաչում են։ Արաբկիրում աշխատանքս սկսել եմ մանկավարժությունից՝ շուրջ 8-9 տարի դասավանդել եմ Շիրվանզադեի անվան դպրոցում, որտեղ մինչ այդ 10 տարի ուսումնառություն եմ ստացել։ Շրջխորհրդի պատգամավոր եմ եղել, ավագանու անդամ և 3 անգամ մասնակցել եմ համայնքի ղեկավարի ընտրություններին։ Որպես համայնքի ղեկավար` պաշտոնավարել եմ 2005-ից մինչև 2008-ը։ Դա էլ միանգամից չի եղել, դեռևս 99-ին, երբ 31 տարեկան էի, համայնքի ղեկաարի տեղակալ էի աշխատում։ Այնպես որ, համայնքի խնդիրներն ինձ քաջածանոթ են և միշտ, փուլ առ փուլ, փորձել եմ դրանց լուծումներ տալ։

Արաբկիրը շատ բազմադեմ համայնք է։ Եթե, ասենք, Քանաքեռ բանավանում բնակիչները դեռևս այգեգործությամբ ու գյուղատնտեսությամբ են զբաղվում, ապա Մերգելյանի ինստիտուտում այսօր տեղեկատվական բարձր տեխնոլոգիաներ են մշակվում, և` ոչ միայն։ Մտավորականությունն Արաբկիրում մեծ կշիռ ունի։ Այստեղ գործում են տարբեր ճաշակներ, տարբեր կարծիքներ, թիմեր։ Այս իմաստով շատ բարդ է աշխատանքը, պետք է առավելագույնս ճանաչել շրջանը, ժողովրդին, մտնել նրա խնդիրների մեջ։ Դրանց գումարվում են խնդիրները, որոնք ընդհանրապես հատկանշական են ողջ քաղաքի համար։ Առաջինը կոմունալ-կենցաղային ոլորտն է, որ խիստ ետ է մնում ժամանակակից մակարդակից։ Իհարկե, դրա պատճառն առաջին հերթին բնակչության սահմանափակ նյութական հնարավորություններն են։ Այդ պատճառով վճարումները նվազագույնով են հավաքագրվում։ Աղբահանությունը 100 դրամից 200 է դարձել, բայց դրանով խնդիրները ժամանակակից մակարդակով դարձյալ հնարավոր չէ լուծել։ Ոչ մի միջազգային օպերատոր այստեղ չի գա, չի աշխատի։ Մեր ուժերով միայն հնարավոր է կցել-մցել, արմատական լուծում չի հաջողվում տալ։ Սկսված ծրագրերն էլ կիսատ են մնում՝ կադրային հաճախակի փոփոխությունների պատճառով։

Ժամանակի հետ խնդիրներն էլ փոխվում են, զարգացում ապրում։ «Հավերժական» խնդիրներից մեկը կանաչապատումն է, որը շատ եմ կարևորում։ Սակայն ոչ պոպուլիստական նկատառումներով։ Այսօր ծառատնկումը դարձյալ «միջոցառման» բնույթ է կրում՝ տնկվում են այնտեղ, որտեղ ոռոգում չկա, հետո չորանում են։ Համայնքի միջոցներով մի անգամ պետք է վերջնականապես կայացնել ոռոգման համակարգը ու այդպիսով բացառել միջոցների անիմաստ փոշիացումը։ Կառավարումը շատ ավելի արդյունավետ կարելի է դարձնել բյուջեի նկատմամբ գրագետ և բարեխիղճ մոտեցման դեպքում։ Դա վերաբերում է նաև կոլեկտիվի միջոցառումներին, արտասահմանյան գործուղումներին, և այլն, և այլն։

– Ի՞նչ դեր ունեն համատիրությունները բնակչություն-իշխանություն հարաբերություններում, իմ տպավորությամբ` նրանք այսօր ծառայում են բոլորովին աղավաղված նպատակների։

– Համատիրությունը սպասարկման շատ լավ մոդել է։ Երևանում շուրջ 5000 բազմաբնակարան շենքերը կառավարվում են 300 համատիրությունների, լիազոր կառավարիչների միջոցով, որոնք, ըստ օրենքի, ձևավորվում են բնակիչների, շենքերի սեփականատերերի կողմից։ Համատիրության նախագահն ուղիղ հաշվետու է բնակիչներին։ Ահա այստեղ մեր բնակչությունը չի իրացնում իր իրավունքները։ Չեմ ուզում խիստ բնութագրականներ տալ, բայց, իհարկե, գիտեմ, որ այս համակարգը գնալով կարծրանում է։ Համատիրությունների ղեկավարների բացարձակ մեծամասնությունը վաղուց արդեն թոշակի տարիքում գտնվող ավագ սերնդի ներկայացուցիչներ են՝ սովոր խորհրդային ժամանակների աշխատաոճին, ու ոչ մի կերպ չեն ուզում փոխվել։

Արդյունքում` մեր համատիրությունները վերածվել են վարչական շրջաններին կից մարմինների, որոնք իրենց ոլորտը թողած` զբաղված են իրենց չվերապահված գործունեություններով, օրինակ, ընտրությունների ժամանակ իրականացնում են կազմակերպչական ծառայություններ` դրանով փորձելով փոխարինել բնակչության առջև իրենց անմիջական պարտականությունները։

Քանի որ խոսեցինք ընտրությունների կազմակերպումից՝ իմ ամենամեծ մտահոգություններից մեկն էլ մանկավարժների համատարած ներգրավումն է ընտրական հանձնաժողովներում, նրանք էլ այստեղ են դրսևորում իրենց ակտիվությունը, որ բոլորովին իրենց ոլորտը չէ։ Ճիշտ է, ընտրակեղծարարությունը գնալով սանձվում է, բայց միևնույն է, այստեղ մանկավարժների ընդգրկումը ես չեմ ընդունում, դա աղավաղում է նրանց կոչումը, նրանց դաստիարակած սերունդն էլ արդեն ուրիշ է լինում։

– Որո՞նք են մեր մայրաքաղաքի զարգացման իրական հիմքերն ու հեռանկարները, ինչի՞ վրա պիտի հենվենք, և ի՞նչն է մեզ խանգարում ավելի արագ և արդյունավետ զարգացում արձանագրելու։

– Այսօր մեր քաղաքի առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են։ Տեղական ինքնակառավարման համակարգի վերաբերյալ իմ մտահոգությունների մասին արդեն խոսեցինք։ Մեր համայնքներն ունեցել են իրենց ինքնուրույն բյուջեները, իրենց զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերը։ Ոչ թե պետք է նրանցից վերցնել իրավունքները, այլ պետք է վերադարձնել և ավելացնել։ Այլապես համահարթեցման պայմաններում զարգացումը արգելակվելու է՝ նույնիսկ առանց գլոբալ ճգնաժամերի և այլ պատճառների։

Մեր քաղաքը խիտ և գերծանրաբեռնված է։ Այսօր դեռ բնակարանների մի մասը չի շահագործվում։ Եթե լիարժեք բնակեցված լիներ, ապա ընդհանրապես քաղաքում տեղաշարժվել հնարավոր չէր լինի։ Լուրջ մարտահրավերներ կան` բնակֆոնդի սպասարկման, կոմունիկացիաների, վերելակների, բակերի բարեկարգումների հետ կապված։

Անհետաձգելի են երեքը՝ տրանսպորտ, բնակֆոնդի պահպանություն և աղբավերամշակում։ Բայց սրանցից յուրաքանչյուրը շատ մեծ ներդրումներ է պահանջում։ Այսօր պետք է արտաքին միջոցների ներգրավմամբ, միջազգային օպերատորների միջոցով փորձել լուծել այս խնդիրները, որ վաղը դրանք չբազմապատկվեն, ու անելանելի վիճակի առջև կանգնենք։ Այսօր կոմունալ կենցաղային այս թույնը մենք կուտակում և փոխանցում ենք սերունդներին։

Քաղաքի զարգացման համար պետք է ունենանք հստակ ռազմավարություն՝ հաստատված և՛ ժամկետների, և կատարողների, և՛ գործիքների ու մեխանիզմների առումով։ Սեփական մշակումներին զուգահեռ` նաև պետք է վերցնենք խոշոր քաղաքների, մայրաքաղաքների փորձը, ինչը նույնպես բավարար չի կատարվում։ Ինձ համար մեր քաղաքի զարգացումը մնայուն, հիմնարար արժեքների ստեղծումն է՝ մետրոյի նոր կայարանի բացումը, վերելակային տնտեսության արտադրության հիմնումը, աղբավերամշակման փոքր ու մեծ գործարանների կառուցումը։ Դրանք նաև աշխատատեղեր են։ Եթե ինքներս մեր ուժերով չենք կարողանում, պիտի համարձակորեն մրցույթ կազմակերպենք և հրավիրենք միջազգային փորձ ունեցող կազմակերպություններին։

Այսօր պետք է մտածենք տրանսպորտով ծանրաբեռնվածության հետևանքների թեթևացման, քաղաքը եզերող օղակաձև նոր մայրուղիների ստեղծման, ստորգետնյա ավտոկայանատեղիների ընդարձակման մասին, բակերը գրաված ավտոտնակներն իջեցնենք գետնի տակ, ոչ թե պարզունակ ճոճանակներ տեղադրելով` բավարարվենք, այլ խաղահրապարակներ և հանգստյան գոտիներ ստեղծենք։ Մենք պարտավոր ենք ավելի մտահոգ և հոգատար լինել մեր ավագ սերնդի, մեծահասակների ճակատագրով, այսօր նրանց համար զրուցարաններ սարքելուց այնկողմ չենք գնացել. տեսեք աշխարհում ինչ հաստատություններ կան՝ նրանց կյանքը բովանդակալից ու ապահով դարձնելու, հնարավորինս երկարացնելու համար։ Մեծ խնդիրներ կան հանրակրթության բնագավառում. կա գիրքը` չկա ծրագրիրը, կա ծրագիրը՝ չկա գիրքը` և այլն, և այլն։ Մեր քաղաքը սկսել է կաղալ ռազմավարական, երկարաժամկետ ծրագրերի առումով։

– Ինչպե՞ս եք գնահատում գործող քաղաքապետի շուրջ երկու տարվա գործունեությունը մայրաքաղաքի կտրվածքով։

– Տարոն Մարգարյանը նոր մարդ չէ այս ոլորտում, ժամանակին աշխատել ենք միասին, և ես, իհարկե, գիտեմ և գնահատում եմ նրա արժանիքները։ Կա նվիրումը, ցանկությունը, իր շուրջը ստեղծվել է բարեհաճ մթնոլորտ, հարմար կադր է այդ իմաստով։ Բայց այս ընտրությունները խիստ մրցակցային են լինելու։ Հրատապ անելիքներ շատ կան, և դրանք մնում են։

Մեր կուսակցությունն ընտրություններին ներկայանում է մրցունակ, իրատեսական, մասնագիտորեն քննարկված և վերլուծված ծրագրերով, և այն թիմը, որով հանդես ենք գալիս, ի վիճակի է նկատելի տեղաշարժեր ապահովել բոլոր ոլորտներում։ Ես վստահ եմ, ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը քաղաքապետի լավագույն թեկնածուներից է, նա ամեն տեղ էլ լավ է աշխատել, իսկ մայրաքաղաքում նա ի վիճակի է դրականորեն զարմացնել երևանցիներին։

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս