Թուրգութ Օզալին ցանկացել են պայթեցնել օդում
Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոր տվյալներ են ի հայտ եկել Թուրքիայի 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզալի վերապրած ավիավթարի մասին: Անկարայի՝ ծանր հանցագործությունները քննող 13-րդ դատարանն ընդունել է «Էրգենեքոնի» գործով անցնող պաշտոնաթող գեներալ Լևենթ Էրսոզի դեմ պատրաստված մեղադրականը:
Էրսոզը մեղադրվում է Թուրգութ Օզալի նկատմամբ մահափորձ ձեռնարկելու մեջ: Դրանով իսկ նա խախտել է քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածը, ինչի համար էլ մեղադրող կողմը պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել նրան: Մեղադրականում նշված է 1988 թվականին իրականացված ավիավթարի փորձի մասին: 1983-1989 թվականներին Թուրգութ Օզալը հանդիսացել է Թուրքիայի վարչապետ:
Այդ մասին նշված է եղել 2013 թվականի ապրիլի 1-ին Թուրգութ Օզալի որդի՝ Ահմեթ Օզալի տված ցուցմունքներում: Վթարից հետո տվյալ ինքնաթիռը վաճառած ընկերության պատրաստած զեկույցում նշված է, որ օդում ինքնաթիռի պայթելու հավանականությունը կազմել է 95 տոկոս:
Հիշեցնենք, որ 2012 թվականի սեպտեմբերի վերջին Ահմեդ Օզալը CNN Türk հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ իր հորը փորձել են սպանել ավիավթարի ժամանակ.
«Յեշիլքյոյի օդանավակայանից նոր ինքնաթիռով, որում գտնվում էր 13 մարդ, թռչելու ժամանակ, ինքնաթիռի ներսում տեղի ունեցավ էլեկտրական երկու պարպում, ինչի հետևանքով ինքնաթիռում հրդեհ բռնկվեց: Ոչ ոք չգիտի այդ մասին, սակայն ես օդաչու եմ: Իմ հանգուցյալ հայրը վստահում էր ինձ այդ հարցերում:
Երբ ինքնաթիռում էլեկտրական երկու պարպում եղավ, ես օդաչուին կարգադրեցի հետ վերադառնալ: Շրջվելուց հետո էլեկտրականությունը չքացավ, ղեկավարման պանելի տվյալները նույնպես: Անհնար դարձավ օդանավակայանի դիսպետչերների հետ կապ հաստատելը: Շուտով ինքնաթիռի սրահը սկսեց լցվել ծխով, ուղեկցորդուհիները կորցրեցին գիտակցությունը: Իսկ ինքնաթիռն էլ սկսեց թեքվել 90 աստիճանով:
Ինքնաթիռում տիրեց խուճապ, ինքնաթիռն ընկնում էր: Բղավում էին բոլորը: Ես առաջին անգամ հորս տեսա բղավելիս: Հանկարծ նա բոլորից պահանջեց հանդարտվել՝ ասելով, թե կկատարվի ալլահի կամքը: Մեզ մեծ դժվարությամբ հաջողվեց իջեցնել ինքնաթիռը: Կապիտանը բոլորին հրամայեց անհապաղ լքել ինքնաթիռը, քանի որ այն կարող էր պայթել: Սակայն ինքնաթիռի դուռը չէր բացվում, և մենք հորս ստիպված եղանք ինքնաթիռից դուրս բերել բեռների բաժնից: Մյուս ուղևորներին նույնպես դուրս բերեցին այդտեղից:
Մենք արդեն ինքնաթիռից դուրս էինք եկել, մինչդեռ դիսպետչերները ոչինչ չգիտեին մեզ հետ տեղի ունեցածի մասին: Եթե մենք ժամանակին չվերադառնայինք, թեկուզ օդում մնայինք 10 րոպե, ապա աղետն անխուսափելի էր: Իմ հորը սպանելու փորձի հետևում կանգնած էին հնչեղ անուններ: Տվյալ դեպքի հետաքննությունը գտնվում է պետական արխիվում: Ես հավատում եմ, որ երբևէ կբացվեն այդ արխիվները: Ես չեմ կարող ասել՝ արդյոք դա տեղի կունենա ներկայի՞ս, թե՞ հաջորդ իշխանությունների ժամանակ»: