Վարդան Ղուկասյանին հարցաքննել են ու ազատ արձակել

Երեկ կեսգիշերին մոտ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ազատ է արձակվել Ոստիկանության քաղաքային բաժնից: Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը «Փաստինֆոյի» հետ հեռախոսազրույցում հաստատել է այս տեղեկությունը` հավելելով, որ ոչ միայն Վարդան Ղուկասյանը, այլև շատ ուրիշներ բերման են ենթարկվել ոստիկանություն, հարցաքննվել և ազատ արձակվել:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ և 1 կրակված գնդակ:

Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով:

Երեկ Բագրատաշենի սահմանային կետից բերման էր ենթարկվել նաեւ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Կոլյա Ղուկասյանը։ Նախնական տեղեկություներով, Գյուրիում հնչած կրակոցները Կ.Ղուկասյանի եւ Հարություն Խաչատրյանի որդու միջեւ ամիսներ առաջ տեղի ունեցած ընդհարման շարունակությունն է:

Տեսանյութեր

Լրահոս