Թուրքիայի մասին ԵԽԽՎ-ի զեկույցում PKK-ականի մասին «ահաբեկիչ» բառը փոխարինվել է «ակտիվիստ» բառով

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ընդունվել է Թուրքիայի մասին զեկույցը: 65 էջանոց այդ զեկույցը կոչվում է «Թուրքիայի նկատմամբ վերահսկողությունից հետո երկխոսություն»:

Նշվում է, որ վերահսկման այդ գործընթացը մեկնարկել է 2004 թվականին և տևելու է 12 տարի՝ մինչև 2015 թվականը: Քվեարկության ժամանակ զեկույցին կողմ է քվեարկել 132 մարդ, դեմ՝ 35-ը, ձեռնպահ՝ 6-ը:

Քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքյչուի առաջարկով զեկույցում կատարվել են մի շարք փոփոխություններ՝ կապված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հետ:

Մասնավորապես, Քյուրքչուի առաջարկով զեկույցում PKK-ականների մասին «ահաբեկիչ» բառը փոխարինվել է «ակտիվիստ» բառով: Դա հարուցել է թուրքական պատվիրակության Նուրսունա Մեմեջանի կտրուկ արձագանքը: Վերջինս հայտարարել է, որ քանի դեռ Թուրքիայում չի ավարտվել բանակցային գործընթացը, PKK-ն պետք է դիտարկվի որպես ահաբեկչական կազմակերպություն:

Մեմեջանն ընդգծել է, որ և՛ ԵՄ-ը, և՛ ասենք նրա անդամ Ֆրանսիան PKK-ն ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն և այդպիսի պարագայում դժվար է հասկանալ, թե նրանք ինչպես կարող են PKK-ականին դիտարկել որպես ակտիվիստ:

Նշվում է, որ Քյուրքչյուի առաջարկով բազմաթիվ փոփոխություններ են կատարվել զեկույցում: Դա մասնավորապես վերաբերում է հետևյալ նախադասությանը. «Քրդական հարցն ու PKK-ի ահաբեկչական գործողությունները պատճառ են հանդիսացել ավելի քան 40.000 մարդու մահվան»:

Դա վերափոխվել է հետևյալ կերպ. «Թուրքիայում Քրդական հարցի և թուրքական պետության ու PKK-ի միջև բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 40.000 մարդ: Քյուրքչյուի առաջարկով՝ «Թուրքական հասարակություն» արտահայտությունը փոխարինվել է «Թուրքիայի քաղաքացիներ» արտահայտությամբ:

Զեկույցում նշված է, որ վերահսկման գործընթացում Թուրքիան ավարտել է 12 անհրաժեշտ չափանիշներից 10-ին համապատասխանելու գործընթացը:

Տեսանյութեր

Լրահոս