Փորձագետներ. Տեղեկատվական պատերազմ կլինի՞ արդոք Ապրիլի 24-ի նախօրեին (տեսանյութ)
«Տեղեկատվական պատերազմին մոտ էր իրավիճակը սեպտեմբերին, երբ բոլոր պետական և լրատվական կայքերը գտնվում էին ծանր DDoS հարձակման տակ, հազիվ էին աշխատում, կոտրված էին տասնյակ կայքեր երկու կողմերից, երբ որ քարոզչական շատ հզոր ալիքներ էին գնում և ոչ միայն օգտագործվում էին սեփական աղբյուրները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ երկու կողմերն էլ (հայ և ադրբեջանական.- Լ.Մ.) օգտագործում էին ոչ միայն սեփական աղբյուրները, այլ նաև միջազգային հարթակները, Facebook-ը և այլն:
«Այսինքն՝ մենք ունեինք մի իրավիճակ, երբ բոլոր մեխանիզմները գործում էին: Իսկ ներկայում ունենք մի իրավիճակ, որն ունի սրացումներ, թուլացումներ և այլն: Բայց «պատերազմ» տերմինը մի քիչ չափազանցված է»,- կարծում է նա:
Ասուլիսի երկու բանախոսները՝ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետներ Սամվել Մարտիրոսյանը և Տիգրան Քոչարյանը, նշեցին, որ անչափ կարևոր է ճշգրիտ տեղեկատվության տարածումը, քանի որ «թյուրիմացություններն արագ տարածվում են և հակառակ արդյունքն են ունենում»: Նրանց խոսքով՝ ճշգրիտ տեղեկատվության տարածման առումով կարևոր դերակատարում ունի Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը, որի վրա ապրիլի 24-ից առաջ միշտ հարձակումներ են լինում:
«Ցեղասպանության ինստիտուտի, ինչպես նաև պետական այլ կառույցների վրա են հիմնականում հարձակումները կատարվում»,- ասաց Տ. Քոչարյանը՝ նշելով, որ, սակայն, Ցեղասպանության ինստիտուտի համար իրենց կայքի կոտրումը «լույսն անջատել-միացնելու նման մի բան է», որն արդեն գիտեն և որին պատրաստված են դիմակայելու:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: