Իրանը ողջունում է ուղիղ բանակցելու ԱՄՆ-ի նախաձեռնությունը. Սալեհի
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանը ողջունում է ամերիկացի 35 բարձրաստիճան չինովնիկների ու նախկին պաշտոնատար անձանց կողմից ստորագրված հայտարարությունը, որում խոսք է գնում Իրանի ու ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցություններ անցկացնելու անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նովրուզի (մարտի 21) կապակցությամբ շնորհավորել էր Իրանի ժողովրդին: Իր շնորհավորական ուղերձում Օբաման դիմել էր Իրանի ժողովրդին ու առաջնորդներին՝ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերություններում նոր փուլ սկսելու հնարավորությունը:
Ապրիլի 18-ին ԱՄՆ երկու գլխավոր քաղաքական կուսակցությունները ներկայացնող 35 ազդեցիկ դիվանագետներ, զինվորականններ և այլ գործող ու նախկին պաշտոնատար անձինք հրապարակեցին մի նամակ, որում նախագահ Բարաք Օբամային կոչ արեցին դիվանագիտական ջանքեր գործադրել երկու երկրների միջև ստեղծված ճգնաժամային իրավիճակին վերջ դնելու ուղղությամբ:
Սալեհին ընդգծել է, որ Իրանը ողջունում է այդ հայտարարությունը, եթե ԱՄՆ-ի ներկայացուցիչներն իսկապես անկեղծ են իրենց մտադրություններում: Սալեհին հավելել է, որ Ալմա Աթայում անցկացված վերջին (ապրիլի 5-6) «միջուկային» բանակցություններից հետո «Վեցյակի» պատվիրակության ու ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը խոստացել էր միջնորդների հետ քննարկել Իրանի արած առաջարկները, սակայն դեռ արձագանք չկա: