Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին միանալ «Նոր Հայաստան» շարժմանը

Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ Հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք տվեց ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպի առիթով: Առավոտից ՀՔԾ-ի շենքի դիմաց Մարտիրոսյանին աջակցելու համար հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմը և ակտիվիստներ` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ապրիլի 9-ին Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ երկու քրեական գործ է հարուցվել. մեկն առավոտյան, մյուսը` երեկոյան տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ:

Ժ.16:00-ին՝ Վանաձորում, Լոռի TV մամուլի ակումբում, ապաև 19:00-ին՝ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման նախաձեռնողները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ հանդիպեցին քաղաքացիների հետ: Ելույթ ունենալով լեփ-լեցուն դահլիճներում բանախոսները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը,

Ռուբեն Հակոբյանը, Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը և Վահագն Հովհաննիսյանը վերլուծեցին վերջին ամիսներին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ազդեցությունը մեր երկրի ներքաղաքական կյանքի վրա, կարեւորեցին առաջիկայում քաղաքական գործընթացների հանրակարգայնացումը, որպես նոր ազգային ճակատ՝ քաղաքացիական շարժում:

Գյումրիում դիմելով ներկաներին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Սա այն ժամանակն է, երբ դեռ ուշ չէ, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, քաղաքացիական նախաձեռնությունները առաջիկա օրերին կամ շաբաթներին միանան ժողովրդական այս շարժմանը, և  նախ մայիսի 1-ին, ապաև մայիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հաղթահավաքներին կանգնեն ժողովրդի կողքին և միասին հասնեն հաղթանակի: Որովհետեւ, անկախ ամեն բանից, թեև ոչ մեկ ակնթարթով, բայց ոչ էլ ուշացած մենք հասնելու ենք ժողովրդի հաղթանակին, դրա համար տուն չենք գնալու, շարունակելու ենք պայքարը եւ միշտ լինելու ենք առաջին գծում: Ես կոչ եմ անում բոլորին, ովքեր ուզում են ազատ, անկախ, իրավական, ժողովրդին պատկանող Հայաստան, փրկված Հայաստան, խոպանից վերադարձած Հայաստան, մեր երեխաներին պատկանող Հայաստան»:

Այսօր, ժ.16:00-ին Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Նոր Հայաստան» շարժման ակտիվիստների հետ միասին կլինի Բյուրեղավանում, ուր կհանդիպի քաղաքացիներին Զորավար Անդրանիկ փողոցի 32/64 հասցեում գտնվող դահլիճում, իսկ նույն օրը ժ.19:00-ին իր կողմնակիցների հետ կհանդիպի Թալինի քաղաքապետարանի դահլիճում:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս