Բիձինա Իվանիշվիլին Ստրասբուրգում հանդիպել է Ժան Կլոդ Մինյոնի հետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը:
Իվանիշվիլին Ստրասբուրգում է գտնվում ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանին մասնակցելու համար, որը բացվել է այսօր և տևելու է մինչև ապրիլի 27-ը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Եվրոպայի Խորհրդի առջև ստանձնած Վրաստանի պարտավորությունների կատարման հարցը:
Իվանիշվիլին ընդգծել է, որ մեծ նշանակություն է տալիս ԵԽ-ի հետ ինստիտուցիոնալ երկխոսությունը և ակնկալում է ակտիվորեն համագործակցել այդ կազմակերպության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Իվանիշվիլիի ելույթը պլանավորված է վաղը: Մինյոնը պլանավորել է Վրաստան այցելել մայիսի վերջին: