Բաժիններ՝

Կհրապարակվի քաղաքապետարանի պաշտոնյայի գործով դատական ակտը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի գործով դատական ակտ կայացնելու, որը շուտով կհրապարակվի: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրանքի դրվագներից մեկի՝ Կ.Միքայելյանը, ով նաև Երևանի առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտների արդիականացման ծրագրի աշխատանքային հանձնաժողովի և Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի անդամ էր, 2007թ. գարնանը և ամռանը անձամբ և Երևանի Արաբկիր համայնքի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և տրանսպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ Գ. Դանիելյանի միջոցով անհատ ձեռներեց Լարիսա Իսպիրյանից խոշոր չափերով՝ 971.604 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ և 2000 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալու մեջ՝ նրան պատկանող մետաղյա տաղավարը արդիականացնելու, դրա չափերն ընդլայնելու գործընթացներին և քաղաքապետի կողմից հիշյալ տաղավարն արդիականացնելու վերաբերյալ որոշման րնդունմանը նպաստելու համար:

Մեղադրող կողմն իր ճառում ավելի վաղ միջնորդել էր Կ.Միքայելյանին ու Գ.Դանիելյանին դատապարտել համապատասխանաբար 8 և 7 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ:

Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ Կարեն Միքայելյանի պաշտպան Լևոն Ներսեսյանը միջնորդել էր կաշառք ստանալու մեղադրանքը վերաորակել խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով խարդախության, իսկ Երևանի Արաբկիր համայնքի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և տրանսպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ Գագիկ Դանիելյանի պաշտպան Կիմա Սարյանը՝ իր պաշտպանյալին առաջադրված կաշառք ստանալուն ու խարդախությանը օժանդակելու մեղադրանքը վերաորակել կաշառքի միջնորդության:

Իր վերջին խոսքում ամբաստանյալ Կ.Միքայելյանը հայտարարեց, որ ցավում ու զղջում է կատարվածի համար և խնդրեց դատարանից «հնարավորինս մեղմ վարվել»: Իսկ Գ.Դանիելյանը խնդրեց «արդար որոշում կայացնել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս