Գագիկ Ղազանչյան. Քաղաքի կենտրոնում ամեն մեկն իր գյուղական հիշողությունն է վերարտադրում
Գագիկ Ղազանչյանի նկարչությունը որոշ արվեստաբաններ բնորոշում են Երվանդ Քոչարի կողմից հաճախ օգտագործված «կուրյոզիտե» բառով: Կուրյոզը նկարչության մեջ դրսևորվում է անսպասելի, ցայտնոտային սյուժետային գծերով, արկածախնդրություն պարունակող դրվագներով ու հաճախ նաև՝ դիտողին «շշպռելու» աստիճան անակնկալի բերող գծի ու գունային ենթաշերտերով: Գ. Ղազանչյանի կտավների զգացմունքայնությունը դիպուկ բնորոշում է հեղինակին, ով մշտապես սուզվելով գեղանկարչության տարածք՝ ինքն իր հետ ու ինքն իր մեջ ինչ-որ բան է փնտրում: Նրա վրձինը ոչ միայն դիմադրող, սպիտակ կտավն իմաստավորող է, այլև՝ նկարի շուրջը տիրող իրականությունը փոխելու հատկություն ունի:
«Գիտես, շատ խոսել չեմ սիրում: Ցուցահանդեսներ, պրոյեկտներ… ոչ մի ծրագիր էլ չունեմ: Ամեն օր կտրվում եմ՝ հույս ունենալով ինչ-որ բան ստեղծել: Նկարչի համար ամենաթանկ բանն էդ երկար սպասված հանդիպումն է: Ընդհանրապես պետք է ամբողջ ժամանակդ տրամադրես այդ փոքրիկ հանդիպումը տեսնելու համար»,- ասում է նա` հավելելով, որ չի սիրում նկարչության ուղղություններով պիտակավորվել, քանի որ հաճախ ինքը՝ նկարիչը, դառնում է «իզմ»-երի գերին: Գագիկ Ղազանչյանի հետ մեր զրույցը սկսեցինք Երևան քաղաքից:
– Հասկանո՞ւմ ես, սա անճաշակության գագաթնակետն է: Չի կարելի քաղաքի մեջ թույլ տալ էս գավառամտությունը: Եթե ուզում են էս տեսակ ձևավորում, ապա թող տանեն «Հաղթանակ» զբոսայգում, Ծաղկաձորում կամ քաղաքից հեռու մեկ այլ վայրում դա իրականացնեն: Թե չէ՝ սա ի՞նչ է, քաղաքի կենտրոնում, Օպերայի տարածքում՝ կճուճ, սայլ, գութան… Ամեն մեկն իր գյուղական հիշողությունները քաղաքի կենտրոնում վերարտադրում է: Ինձ համար սա անտանելի մի բան է: Մեր քաղաքը հիմա ճիշտ նույն վիճակում է, երբ, ասենք՝ Օպերայում ռաբիս համերգ են երգում:
– Շուտով ավագանու ընտրություններ են, գուցե Դուք՝ մի խումբ արվեստագետների հետ, փորձեք ձեր մտահոգությունները լսելի՞դարձնել թեկնածուներին: Գուցե իսկապես չունե՞ն գեղագիտական ճաշակ և մասնագետների խորհուրդների, օգնության կարի՞ք ունեն:
– Չեմ կարծում, թե որևէ թեկնածու ականջալուր կլինի, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ իրենց հիմնավորումն այն է, թե դա շատերին դուր է գալիս: Եթե իրենց հարցնեք, ապա մարդիկ սիրում են, գնում են էդ կճուճների, դաշնամուրների մոտ նկարվում են: Սովետական ժամանակներից մնացած դեկորներ կան, որոնք ավելի լավն են, քան էս գութաններն ու գյուղական դեկորները: Ի դեպ, Գաֆէսճեանի այգում շատ ճաշակով ծաղկապատում են, ու լավ կլինի քաղաքի մյուս հատվածում այդ աշխատանքները կոորդինացնող անձը կամ անձինք, դիզայները գնա նայի, սովորի՝ ինչպես ճաշակով հողակտոր ձևավորել: Երևանը գավառ չէ, բայց դառնում է գավառ: Այն առաջընթացն էլ, որ կար, վերացվեց: Պարզվեց՝ առաջընթացն արհեստական է եղել, ու հիմա այս բարձիթողի վիճակում նորից ընկնում է այն նույն հին տեղը, որտեղ պետք է զարգացման աստիճանը լիներ:
– Փաստորեն, Սովետից հետո ազատություն ստացանք ու դարձանք «գեղցի»:
– Այո, ճիշտ այդպես: Եկանք, ընկանք նույն տեղում, ու մարդիկ իրենց շատ լավ են զգում: Տեսե՛ք, մեկն իր օբյեկտի առաջ բերել՝ նավ է կառուցել, որն, ըստ իրեն՝ գեղեցիկ է, լավ է: Մյուսը Սայաթ-Նովայի վրա իր «Մեր գյուղն» է կառուցել աքլորի խրտվիլակով ու կարծում է՝ դա շատ լավ է: Մարդիկ Սայաթ-Նովայով՝ գյուղի կողքով են անցնում՝ կճուճով, աքլորով… Առաջ Երևանում գեղխորհրդով անցել է Թամանյանի քանդակը, և հազար տարի էլ անցնի՝ հոյակապ գործ է և՛ քաղաքային լանդշաֆտի մեջ, և՛ իր տարածքի մեջ, բայց տեսեք, թե այդ քանդակի շրջակայքում ինչեր են կատարվում: Չեմ ասում՝ այդ կարգի քանդակներ լինեն, բայց գոնե քանդակը զերծ մնա իրեն հարող տարածքի ցածրաճաշակ տարրերից: Ավելի ճիշտ՝ պետք է տրակտորը բերել ու մեկ օրվա մեջ վերացնել էդ օտար «մարմինները»:
Օրենսդրական դաշտն օբյեկտների տերերի ինքնաբուխ կառուցապատումները սահմանափակելու նորմեր պիտի սահմանի:
Օրինակ՝ անդրադառնալով ճարտարապետությանը, նշեմ, որ քաղաքի ճարտարապետության մեջ ոչ մի լավ բան չկա: Չեմ ասում՝ Հյուսիսային պողոտան մնար հին տեսքին, բայց էս կառուցապատումն անտրամաբանական է: Միակ լավ բանը պողոտայի սկիզբն է, որը մի քիչ մոդեռնի նման է: Հյուսիսային պողոտան ինձ հիշեցնում է էժան, վատ խանութներում վաճառվող՝ գունավոր ծաղիկներով, ոսկի փչած, պլպլան տորթի, որ ուտես՝ կարող է մեռնես, բայց կան մարդիկ, որ էդ կանաչ, փայլերով, պլպլան տորթերով կնունք են անում:
– Ասում են՝ Ձեր գործերն ամենավաճառվողներից, ամենաակտիվ ցուցադրվողներից են: Նույնիսկ գերատեսչական շենքերում են փակցված Ձեր կտավները: Էս համատարած տրտնջոցի մեջ ո՞նց եք հաջողացնում նկար վաճառել:
– Ես, իհարկե, չէի ասի, թե էդպես է, բայց, եթե նման կարծիք կա տարածված, ապա դա ինձ շատ ուրախացնում է, տպավորիչ է: Ճիշտն ասած՝ մոնիտորինգ չեմ արել, թե ում գործերն են լավ վաճառվում, բայց նկարի վաճառքը չափանիշ չէ նկարի որակի համար: Արտաքին գործերի նախարարությունում մեծ գործեր են կախված, Կենտրոնական բանկը վերջերս մի քանի աշխատանք գնեց: Արտգործնախարարությունում նախարարի սենյակում ժամանակավոր է կախված: Ճիշտն ասած՝ ինձ համար ավելի լավ է՝ նկարն էնտեղ կախվի, քան պատի տակ շրջած, դրած լինի:
– Եթե Ձեր ստեղծագործություններն իրացնելու «խողովակ» կա, ապա դա լավ բան է, ինչո՞ւ եք Ձեզ անհարմարավետ զգում:
– Կարծում եմ՝ բոլոր նկարիչներն էլ այդ հնարավորությունն ունեն: Համենայնդեպս՝ իրենցից ոչ ոք երկրորդ գործ չի անում, ասենք՝ ցերեկը տաքսի քշի, իրիկունը նկարի: Բոլորն էլ նկարչությամբ են ապրում:
– Դրսում կա՞ն կոնկրետ գալերեաներ, որոնց հետ համագործակցում եք:
– Անցյալ տարի Ժնևի Ժամանակակից արվեստի թանգարանի և քաղաքապետարանի հետ համատեղ մի պրոյեկտի մասնակցեցի, որը, դրսի հետ կապված, ինձ համար ամենակարևոր բանն էր: Աշխարհի մասշտաբով ութ արվեստագետ էր ընտրվել:
– Ինչո՞ւ մեր հանրապետությունում, մասնավորապես՝ մայրաքաղաքում, այդպես էլ չձևավորվեց գալերեաների ավանդույթ:
– Նախ՝ սկսենք նրանից, որ Երևանի պես քաղաքի համար առնվազն մի 30 գալերեա է պետք՝ հաշվի առնելով ստեղծագործական այն պաշարը, որն առկա է մեր ոլորտում: Ընդ որում՝ գալերեաները պետք է լինեն ֆունկցիոնալ՝ տարբեր նկարչության ընտրությամբ, տարբեր մասշտաբի, ոճի ու ցուցադրման սկզբունքի: Հիմա քաղաքում 3-4 գալերեա կա: Անկեղծ ասած՝ գալերեա գործարկելը բիզնես փոխհարաբերություն է, որի մասին շատ պատկերացում չունեմ, բայց մի բանում վստահ եմ՝ գալերեան համբերատարություն է պահանջում:
– Հայաստանում նկարիչը, կոպիտ ասած՝ դարձել է արտադրող, որի արտադրանքը սպառվում է դրսում: Տխուր է…
– Այո, էդպես է, բայց կարծում եմ՝ առաջիկայում շատ բան կփոխվի, որովհետև մի կողմից՝ դուրսն է հագենում, մյուս կողմից էլ՝ էստեղ նոր մարդիկ են մուտք գործում: Մարդիկ սկսում են հագենալ հեռախոսներ, ավտոմեքենաներ, կահույքներ գնելու մոլուցքից ու երևի արդեն կամաց-կամաց, շքեղ, փայլուն բաների դատարկությունը զգալով, հոգևոր արժեքներ կփնտրեն: Սկսելու են բոլոր բջջայիններն ու ավտոմեքենաներն ունենալու նախասիրությունը փոխարինել նկարի փնտրտուքով: Ավելի մեծ խնդիր է այն հանգամանքը, որ թե՛ դրսում, թե՛ ներսում համատարած միջակության շքերթ է:
– Աշխարհում այսօր ամենակայուն կապիտալը համարվում է նկարը: Ասում են՝ մեր մեծահարուստները, պետական բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են եկամուտների հայտարարագրման պրոցեսն ավելի ճկուն կազմակերպել: Հետևաբար՝ անշարժ գույքը, տարադրամը թաքցնելու համար նրանք իրենց կապիտալը պահպանում են միլիոնավոր արժողությամբ թանկարժեք նկարների տեսքով:
– Դրանից բացի, հասկանում են, որ իրենց ունեցածը տարեցտարի կրկնապատկում է իր արժեքը: Նկարը չմեռնող կապիտալ է: Անգամ ամենավատ նկարի գինն իրական արժեքից բարձրանում է: Նկարի արժեքը երբեք չի կարող գիտակցել ամբողջ հասարակությունը. դա անհատների նախասիրություն է:
– Դուք մեզ շրջապատող շատ երևույթներից բարկանում եք, իրականության հետ Ձեր անհաշտությունն եք դրսևորում, բայց մյուս կողմից՝ տպավորություն է, թե ամեն ինչի վրա թքած ունեք:
– Հա, էդպես ա: Ես իմ ներսի խնդիրներն եմ լուծում: Ես այսքան տարի փնտրում եմ այն, թե ինչ եմ ուզում անել: Մի օր մի փոքրիկ բան գտնում ես՝ հեռանում է: Որքան ուզում ես որսաս՝ էնքան հեռանում է: Որքան քեզ թվում է՝ իրեն մոտեցել ես, այնքան հասկանում ես, թե ինչ հեռու է ինքը: Երբ այս արժեքները գիտակցում ես, առօրյան միևնույն է դառնում: Վերևի արժեքները շնչառությունդ բացում են…