«Մենք պետք է կարողանանք մեր ունեցածի սահմաններում լավագույնն ընտրել մեզ համար»
ՀՀ Կառավարության 2004թ. մարտի 11-ի որոշմամբ` Հայաստանում ստեղծվեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ): Կազմակերպության գործունեությունը հիմնականում ուղղված է ՀՀ-ում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման և դրա շարունակականության ապահովմանը: Կազմակերպության նպատակներից է հանրակրթության դպրոցները ժամանակակից համակարգչային սարքավորումներով համալրելը, հանրակրթական դպրոցների միջև համընդհանուր համակարգչային ցանցի և ինտերնետային կապի ներդրումը, և այլն: ԿՏԱԿ-ի գործունեության արդյունքում այժմ Հայաստանի թվով 1420 ուսումնական հաստատություններ միացված են մեկ միասնական ցանցի և մեկ կենտրոնից ունեն ելք դեպի ինտերնետ: ԿՏԱԿ-ի ջանքերով դպրոցական գրեթե բոլոր դասագրքերը տեղադրված են ինտերնետում և հասանելի են անվճար: Ձեզ ենք ներկայացնում մեր հարցազրույցը ԿՏԱԿ-ի տնօրեն Արմեն Պողոսյանի հետ:
– Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ներկայումս ի՞նչ ծրագրեր է իրականացնում:
– Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հիմնականում ունի երկու մեծ ծրագիր, առաջինը՝ Հայաստանի կրթական ցանցի սպասարկումն է, երկրորդը՝ Հայկական կրթական միջավայր պորտալի սպասարկումն է: Սրանք երկու հիմնական ծրագրերն են, որոնք իրականացվում են մեր կանոնադրության և ՀՀ ԿԳՆ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում: Նշեմ, որ 2013թ. հունվարի 1-ից Հայաստանի 1420 ուսումնական հաստատություններ արդեն միացված են մեկ միասնական համակարգչային ցանցի մեջ և մեկ կենտրոնից ելք ունեն դեպի ինտերնետ:
Ես առանձնացնում եմ դեպի ինտերնետ ելքը, որովհետև անկախ նրանից՝ Հայաստանում ինտերնետ կա՞, թե՞ ոչ, այն բոլոր կայքերը, որոնք տեղադրված են մեր կենտրոնական հանգույցում, հասանելի են այդ ուսումնական հաստատություններին: Այսինքն` այն գործում է` որպես առանձին անկախ ցանց, և անկախ ինտերնետի առկայությունից` կարող է սպասարկել դպրոցներին: Սա շատ կարևոր ձեռքբերում է Հայաստանի համար, որովհետև իրականում ԱՊՀ երկրներից, կարելի է ասել, երևի թե, որ միայն Հայաստանն ունի նման ցանց: Իհարկե, ժամանակին շատ են եղել նման ցանցեր ստեղծելու փորձեր, օրինակ, երբ այստեղ նախագծվում էր ցանցի ստեղծումը, նույն ծրագիրն իրականացվում էր նաև Վրաստանում և Ադրբեջանում, սակայն միայն Հայաստանը կարողացավ հետագայում պետական բյուջեի միջոցներով ընդլայնել և պահպանել ցանցի շարունակական աշխատանքը:
Ի սկզբանե` 2005-2006-ին, ընդամենը 300 դպրոց էր միացված եղել ցանցին, իսկ 2007-ից պետական բյուջեի միջոցներով ցանցը սկսեց սպասարկվել և հետագայում արդեն` նաև ընդլայնվել: Նշեմ, որ ցանցում ներգրավված են ոչ միայն հանրակրթական ուսումնական հաստատությունները, այլև նախնական մասնագիտական, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները: Այսինքն` այժմ մենք սպասարկում ենք 1420 կետ կամ ուսումնական հաստատություն` դպրոցներ, վարժարաններ և այլն: Մեր ցանկությունն է, որ այս ցանցում նաև բուհեր ընդգրկվեն, նման ծրագիր կա, և այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում:
– Որքա՞ն գումար է տրամադրվել 1420 ուսումնական հաստատությունները համակարգչային ցանցում ներառելու և սպասարկելու համար:
– Այդ գումարն ասելու համար պետք է հաշվենք 2007-ից սկսած ԿՏԱԿ-ի բյուջեն, այսինքն` թե ամեն տարի որքա՞ն է ավելացել այն, և այլն, քանի որ, որպես այդպիսին, մեզ գումար է տրվում ցանցի սպասարկման, պորտալի սպասարկման, նաև աշխատակազմի պահպանման և շենքի պահպանման համար, այդ ամբողջ գումարը տրվում է բյուջեի մեկ տողով: Այսինքն` մենք առանձնացված կետերով չենք ֆինանսավորվում, և գումարի տարանջատում չկա: Կարող եմ նշել, որ այս տարի մոտ 900 մլն է տրվել` բոլոր ծրագրերի համար: Դա ավելին է, քան նախորդ տարվանը, քանի որ ավելացել են նաև մեր սպասարկման կետերը: (Նշենք, որ նախորդ տարի ընդամենը 944 ուսումնական հաստատություն էր միացված ցանցին, իսկ հիմա` 1420-ը.- Լ.Մ.):
– Ձեր ծրագրերով նախատեսվում էր նաև դպրոցական դասագրքերի էլեկտրոնային տարբերակներն օնլայն հասանելի դարձնելը: Ո՞ր փուլում է գտնվում այդ գործընթացը:
– Այո, դա մտնում է մեր ծրագրերի մեջ: Դա մասնավորապես վերաբերում է հայկական կրթական միջավայր պորտալի (armedu.am) սպասարկմանը, որն ունի մի քանի ենթակայքեր, դրանք են` հեռահար ուսուցման, ֆորումի ենթակայքերը, որտեղ կարող են ուսուցիչները, աշակերտները, կրթության ոլորտի տարբեր մասնագետները խմբեր ստեղծել և քննարկումներ կազմակերպել: Մենք ունենք նաև պաշարների շտեմարան կատալոգը, որը ստեղծվել է նախորդ տարի «Վիվա Սել» ՄՏՍ-ի հովանավորությամբ: Կայքը գործարկել ենք 2012թ. նոյեմբերին և ներկա դրությամբ` այդտեղ տեղակայված է մոտ 100 կրթական պաշար: Դա, կարծում եմ, բավարար արդյունք է, սակայն սա շատ քիչ է:
Մենք, եթե ուզում ենք նոր տեխնոլոգիաներն օգտագործելով կրթությունն ավելի որակյալ դարձնել, ապա պետք է մտածենք անպայման հայալեզու էլեկտրոնային բովանդակության շատացման մասին, որովհետև դա հնարավորություն է տալիս մատչելի դարձնել կրթությունը: Նշածս կայքում կարելի է գտնել և՛ դասագրքեր, և՛ ուսուցիչների ձեռնարկներ, և՛ մեթոդական շատ գրքեր, և՛ տարբեր տեսակի ուսումնական նյութեր` տարբեր առարկաներից: Այսինքն` այդտեղ միայն դասագրքեր չեն:
– Ունե՞ք վերլուծություն, թե որքանո՞վ են պահանջված կայքում տեղադրված օնլայն դասագրքերը: Նախորդ հարցազրույցներիցս մեկի ժամանակ նշել էինք, որ օնլայն դասագրքերը հնարավորություն կտան մարդկանց, որոնց համար գիրք գնելը դժվար է, դասը ներբեռնել և սովորել այն: Արդարացա՞ն պահանջարկի վերաբերյալ Ձեր սպասումները:
– Ասել, թե հենց այդ մարդի՞կ են ներբեռնել դասագիրքը, և օգտագործո՞ւմ են, թե՞ ոչ` հնարավոր չէ, սակայն, անկախ դրանից, փաստ է, որ նման նախաձեռնությունը մեծացնում է տվյալ նյութի մատչելիությունը, քանի որ այն բացարձակ անվճար է տեղադրված: Բացի այդ, եթե դուք անգամ ամենաթույլ ինտերնետն ունեք տանը, դուք կարող եք հանգիստ ներբեռնել գրեթե բոլոր դասագրքերը:
Մենք աշխատում ենք նաև, որպեսզի նոր հրատարակվող գրքերը ստանանք և դրանք ևս տեղադրենք ինտերնետում. այս առնչությամբ արդեն ձեռք ենք բերել համապատասխան պայմանավորվածություն: Ինչ վերաբերում է այդ ռեսուրսների պահանջարկին, ապա հենց հիմա նայենք այդ ամենը միասին: Օրինակ, 7-րդ դասարանի «Ինֆորմատիկան» դիտվել է 183 անգամ, ներբեռնվել է 106 անգամ, 7-րդ դասարանի «Գրականությունը» դիտվել է 131 անգամ, ներբեռնվել է 68 անգամ: (Այս տվյալները և օնլայն դասագրքերը տեղադրված են այս կայքում.– Լ.Մ.):
– Ըստ Ձեզ, տեխնոլոգիաներն արդեն ամբողջովին մտե՞լ են հայաստանյան կրթական միջավայր: Եթե կարելի է, նաև համեմատություն անենք այլ երկրների հետ:
– Մենք խոսում ենք բավական բարդ թեմայի մասին: Նախորդ տարի, երբ մասնակցում էի Հարավային Կորեայում տեխնոլոգիաները կրթության մեջ մեծ համաժողովին, պետք է նշեմ, որ մասնակից բոլոր երկրները, ունենալով հսկայական պաշարներ, միևնույն է, խոսում էին տեխնոլոգիաների և ուսումնական էլեկտրոնային պաշարների պակասի մասին: Պետք է հասկանալ, որ ընդհանրապես տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը շատ արագ և դինամիկ զարգացող ոլորտ է, որտեղ խոսել, որ մենք 90% կամ 100% արդյունավետություն ունենք արդեն, ճիշտ չի լինի: Այդ ամենը շատ արագ է զարգանում, և ամեն մի նորարարություն իր հետ բերում է նոր արդյունավետություն:
Բնականաբար, մենք պետք է ոչ թե ձգտենք անընդհատ նորը բերել, այլև ներդնել Հայաստանի համար արդյունավետը, որովհետև պետք է նաև հաշվի առնել, որ տեխնոլոգիաները բավական թանկ հաճույք են, ու մենք պետք է կարողանանք մեր ունեցածի սահմաններում լավագույնն ընտրել մեզ համար: Օրինակ, կրթական պաշարների առումով էլեկտրոնային շատ մեծ ռեսուրսների է տիրապետում Արգենտինան, նրանք հսկայական պորտալ ունեն, նույնիսկ կրթական հեռուստատեսություն ունեն իրենց պորտալի մեջ, որտեղ ինտերնետ հեռարձակմամբ կրթական հաղորդումներ են հեռարձակում:
Շատ մեծ պաշարներ ունի Հարավային Կորեան, վերջին տարիներին այս ուղղությամբ աչքի է ընկնում նաև Հնդկաստանը, որը սկսել է շատ մեծ պաշարներ ստեղծել, խոսքը ոչ թե ամբողջ Հնդկաստանի վիճակի մասին է. օրինակ, Հնդկաստանի մայրաքաղաքում, իհարկե, շատ լավ է տեխնոլոգիական հագեցվածությունը, կապը, և այլն, սակայն շրջաններում վիճակն այլ է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն ԱՊՀ տարածքում իր էլեկտրոնային կրթական պաշարներով, գումարով և այլն, զիջում է երևի թե միայն Ռուսաստանին, որը մեծ ներդրումներ է իրականացնում այդ ոլորտում, սակայն, որպես ծածկույթ, կարելի է ասել, որ Հայաստանն աշխարհում վատ դիրքերում չի գտնվում:
Օրինակ, երբ միջազգային համաժողովում նշում ենք, որ Հայաստանն ունի ամբողջական ծածկույթ, այսինքն` բոլոր դպրոցները ներգրավված են մեկ ցանցի մեջ, բոլորը ծափահարում են և հարցնում, թե ինչպե՞ս ենք կարողացել այդ ամենն իրականացնել և ինչպե՞ս ենք կարողանում սպասարկել այդ ամբողջ ցանցը: Շատ երկրներում դպրոցներն ունեն ինտերնետ, բայց իրենք ուղիղ միացված են ինտերնետին, այսինքն, որպես այդպիսին` ցանց` կենտրոնական հանգույց, որը կանգնած է դպրոցի հետևում, իրենք պարզապես չունեն:
– Իսկ ի՞նչ խնդիրներ է լուծում նման կենտրոնական հանգույցի առկայությունը:
– Նման հանգույցի առկայությունը մի քանի խնդիր է լուծում. նախևառաջ` անվտանգ ինտերնետի հարցը դպրոցների համար: Այսինքն` հույսը դնել միայն պրովայդերների ֆիլտրերի վրա, որոնք ֆիլտրում են ինտերնետը ոչ պատշաճ կայքերից, չգիտեմ…
Պրովայդերները շատ դեպքերում մտածում են նաև ուղղակի տրաֆիկ վաճառելու մասին, մինչդեռ նման ցանցի առկայությունը հնարավորություն է տալիս ֆիլտրել ինտերնետը, այսինքն` ոչ պատշաճ բովանդակությամբ կայքերը փորձում ենք սահմանափակել, որպեսզի դպրոցում դրանք հասանելի չլինեն:
Ես չեմ կարող ասել, որ 100% անվտանգ ինտերնետ է, որովհետև այս պահին, որ մենք զրուցում ենք, հնարավոր է` ինչ-որ տեղ մի քանի նման բովանդակությամբ կայքեր են ստեղծվում, որոնք կարող են հասանելի լինել դպրոցականներին: Այսինքն` նմանատիպ կայքերն աճում են աստղաբաշխական թվերով, սակայն մենք, որքան որ հասցնում ենք, փակում ենք դրանք: Մեր մասնագետներն ուսումնասիրում են այդ ամենը, և երբ նմանատիպ կայքեր են հայտնաբերում, միանգամից դպրոցների համար սահմանափակվում է մուտքը դեպի տվյալ կայք:
– Այսինքն` դպրոցները կարողանում են ինտերնետ մտնել Ձեր ցանցի միջոցով` ֆիլտրացման գործընթացն անցնելով միայն:
– Այո, սակայն, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ մեզ մոտ պաշարներ կան, որոնք անգամ ինտերնետ չունենալու պարագայում կարող են հասանելի դառնալ ուսումնական հաստատություններին: Բացի այդ, մենք ունենք կենտրոնական հակավիրուսային համակարգ, և, որպեսզի դպրոցները թարմացնեն իրենց հակավիրուսային բազան, դրա համար ոչ մի գումար չեն ծախսում, մեզ մոտից միանգամից թարմացվում է այն:
Հաջորդ ամենակարևոր բանը մեզ համար այն է, թե ի՞նչ կայքեր և որքա՞ն շատ են օգտագործում դպրոցներում, կամ ինչո՞ւ չեն այցելում ինչ-որ կայք, մեզ հետաքրքիր է, թե որքանո՞վ են տեխնոլոգիաները նպաստում կրթական գործընթացին և կրթական միջավայրին:
– Ունե՞ք նման ուսումնասիրություն:
– Իհարկե: Եթե համեմատենք, թե 3 տարի առաջ ինչպիսի՞ն էին տվյալները, և այժմ ինչպիսի՞ն է իրավիճակը, ապա պետք է նշել, որ մոտ 40%-ով աճ է նկատվում ուսումնական հաստատությունների կողմից` զուտ կրթական կայքերի օգտագործման առումով: Եթե ժամանակին ավելի շատ օգտագործվում էին զվարճանքի կայքերը և այլն, ինչը շատ դեպքերում քննադատության էր ենթարկվում. թե` ինչի՞ պետք է դպրոցներին ինտերնետ տանք, որպեսզի նրանք ինչ-որ մուլտֆիլմերի կամ երաժշտական կայքեր սկսեն դիտել:
Սակայն խնդիրը հետևյալն էր. մինչև դպրոցը չունենա ինտերնետ, և մինչև դու չտաս համապատասխան բովանդակություն, ինքը չի օգտագործելու այդ բովանդակությունը, հետևաբար` բնական է, որ նախ` սկզբում մարդկանց պետք է սովորեցնել ինտերնետ օգտագործելը, իսկ հետո, կամաց-կամաց, իրենք կսովորեն օգտագործել ինտերնետն ավելի արդյունավետ, ավելի իրենց ոլորտին համապատասխան: Փառք Աստծո, մենք շարժվում ենք այդ ճանապարհով: Այսինքն` դպրոցները սկսել են օգտագործել կրթական միջավայրը:
– Սոցցանցերի վրա սահմանափակումներ կա՞ն:
– Մինչև նախորդ տարի մենք չէինք սահմանափակել դրանք, բայց հիմա որոշակի սահմանափակում կա. 8:30-ից մինչև ժամը 2-ը սոցցանցերը հասանելի չեն դպրոցներին, որովհետև փորձը ցույց տվեց, որ սոցցանցերի օգտագործումը դասապրոցեսի ժամերին շատ-շատ էր: Ես դեմ եմ սոցցանցերի ամբողջական սահմանափակմանը, որովհետև նախ` դրանք ամբողջությամբ սահմանափակել հնարավոր չէ, և երկրորդն էլ` դրանով հարց չես լուծի: Սոցցանցերի մեջ ինչ-որ վտանգավոր բան չեմ տեսնում, եթե ուսուցիչը կարողանում է դա շատ լավ օգտագործել:
Մենք ունենք տնօրեններ, ուսուցիչներ, ովքեր, օրինակ` Facebook-ը շատ լավ օգտագործում են որպես կապի միջոց` իրենց աշակերտների հետ կապը պահելու համար, տարբեր խմբեր են ստեղծում և քննարկումներ են իրականացնում: Նման բաներ, քննարկում կազմակերպել և այլն, կարելի է ստեղծել նաև մեր պորտալի ֆորումում, որը նույն հնարավորություններն ունի:
Միևնույն ժամանակ, մենք աշխատում ենք, որպեսզի մեր կայքերը նաև հետաքրքիր դարձնենք, որովհետև մերժելով կամ սահմանափակելով` հարց չի լուծվում: Այսինքն` միաժամանակ որոշակի սահմանափակումներ դնելով` կարող ես ստեղծել ավելի լավ արժեք, ավելի հետաքրքիր նյութ, և, եթե դու ունենաս ավելի հետաքրքիր նյութ, ոչ հետաքրքիրը կընկնի երկրորդ պլան: Մենք աշխատում ենք ստեղծել ավելի հետաքրքիր միջավայր, որպեսզի դպրոցներն ավելի շատ ինտերնետ օգտագործեն հենց կրթական նպատակներով:
– Ըստ Ձեզ` մենք դպրոցականներին հետաքրքրող բավարար բովանդակություն ունե՞նք ցանցում:
– Ունենք որոշակի բովանդակություն, որը դեռևս բավարար չէ: Բավարար կլինի, եթե գոնե օրական 100 նմանատիպ հայալեզու նյութեր տեղադրվեն մեր կայքերում: Տեղադրվում է, բայց շատ քիչ:
«168 ԺԱՄ»