Բաժիններ՝

Լարված իրավիճակ՝ Արագածոտնում․ կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 22-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։40-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել, որ Ռյա Թազա գյուղից դեպի Շենկանի գյուղ տանող ճանապարհահատվածում վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան վիրավորներ։

Մինչ համայնքային ոստիկանները ու պարեկները կճշտեին դեպքի վայրը, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Ապարանի բաժին և հայտնում են, որ «Աջ ազդրի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» նախնական ախտորոշմամբ քաղաքացիների կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ 10 րոպե անց «Ձախ թիակի շրջանի կտրած-ծակած վերք, հետույքի ձախ կեսի կտրած-ծակած վերք» նախնական ախտորոշմամբ դարձյալ քաղաքացիների ուղեկցությամբ ևս մեկ հոգի է տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորներն Արագածոտնի մարզի բնակիչ, Վրաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Նիկոլո Ա․-ն է և 33-ամյա Ջիվան Ա․-ն։

Որոշ ժամանակ անց «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ մի քաղաքացի է տեղափոխվել։

Ապարանի համայնքային ոստիկանները ու պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ ժամը 19։00-ի սահմաններում Ռյա Թազա գյուղից դեպի Շենկանի գյուղ տանող ճանապարհահատվածում Ջիվան Ա․-ն, Նիկոլո Ա․-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Ազիզ Հ․-ն և 18-ամյա Օմար Հ․-ն միմյանց հետ վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ Օմար Հ․-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Ջիվան Ա․-ի և Նիկոլո Ա․-ին։

Իրավապահները պարզել են նաև, որ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն տեղափոխվածը Օմար Հ․-ն է, ով եղել է ծեծված։

Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Ապարան» բժշկական կենտրոնի մոտ իրավիճակը մի պահ լարվել էր, քանի որ վիրավորների հարազատները ու բարեկամաները բորբոքված էին ու միայն համայնքային ոստիկանների ու պարեկների շնորհիվ է, որ կրքերը կարճ ժամանակում հանդարտվեց և իրավիճակը վերահսկվեց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս