Բաժիններ՝

Լույս է տեսել «Խոսող գրքեր» նախագծի 6-րդ ձայնասկավառակը

«Խոսող գրքեր» նախագծի հեղինակ Գայանե Կլեկչյանը երեկ լրագրողներին ներկայացրեց նախագծի շրջանակներում լույս տեսած թվով 6-րդ ձայնասկավառակը:

Հիշեցնենք, որ այս նախագիծը ստեղծվել է 2006-ին՝ նպատակ ունենալով օգնել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց և նրանց համար հասանելի դարձնել հայ, ինչպես նաև՝ արտասահմանյան գրական ստեղծագործությունները: «Խոսող գրքեր» նախագծի 6-րդ ձայնասկավառակում ընդգրկված են Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը», Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը», «Ամենագեղեցիկ ջրահեղձը աշխարհում», Օ’ Հենրիի «Վերջին տերևը» և Վահան Վարդանյանի ստեղծագործությունները «MP 3» ձևաչափով: Նախագծի հեղինակ Գայանե Կլեկչյանը, ներկայացնելով ձայնասկավառակը, ընդգծեց, որ նշյալ հեղինակների ստեղծագործություններն ընթերցում են բեմական արվեստի վարպետներ Ժիրայր Դադասյանը, Արման Նավասարդյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը:

«Բավական է ունկնդրել մեր սիրելի դերասանների ընթերցումները ու հասկանալ, թե որքան մանրակրկիտ և նուրբ աշխատանք են նրանք կատարել գրական նյութը ճիշտ մատուցելու համար: «Խոսող գրքեր» նախագիծը կարևորում է նաև մատուցվող գրական ստեղծագործությունների երաժշտական ձևավորումը: Փորձել ենք ընտրված գրական երկերին ճաշակով և գեղեցիկ երաժշտական ձևավորում հրամցնել, ինչպես նաև ապահովել համապատասխան ձայնային էֆեկտներ»,- նշեց Գ. Կլեկչյանը՝ տեղեկացնելով, որ երաժշտական և ձայնային ձևավորման հեղինակը տեսողական խնդիրներ ունեցող Վահան Նահապետյանն է, ով շատ նուրբ աշխատանք է կատարել:

Gayane Klekchyan (2)Նշենք, որ «Խոսող գրքեր» նախագիծը դրամաշնորհային սկզբունքով չի իրականացվում և ամենևին չունի կոմերցիոն նպատակներ: Ընդ որում, բոլոր ձայնասկավառակների թողարկման աշխատանքների մասնակիցներն այն կատարել են կամավորության սկզբունքով, անշահախնդրորեն: «Լսել՝ նշանակում է` տեսնել. այսպիսին է մեր մոտեցումն ու գլխավոր կարգախոսը բոլոր կատարված ու դեռևս կատարվելիք աշխատանքներին, որոնցով հնարավորինս ցանկանում ենք օգտակար լինել տեսողական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին»,- նշեց նախագծի հեղինակը՝ ավելացնելով, որ թեև նախագիծն իրենն է, այնուամենայնիվ, առանց որոշակի մարդկանց անշախախնդիր, մեծ նվիրումով աշխատանքի՝ հնարավոր չէր այն իրականություն դարձնել:

Կարդացեք նաև

Գ. Կլեկչյանի առաջնային նպատակը հանրությանը քիչ ծանոթ, լավ գրականություն և թարգմանական գրականություն մատուցելն է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց: Ի դեպ, «Խոսող գրքերի» ձայնասկավառակները ոչ մի դեպքում վաճառքի ենթակա չեն, և դրանք արդեն հնարավոր է նաև ներբեռնել համացանցում: Դերասան Դավիթ Հակոբյանն, ով բավական մեծ աշխատանք է կատարել ձայնասկավառակն իրականություն դարձնելու գործում, նշեց, որ «Խոսող գրքեր» նախագիծը թեև անսովոր, բայց շատ հաճելի նախագիծ է, քանի որ այն բարեգործական աշխատանք է, առիթ է մարդկանց նվեր անելու:

«Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» վիպակն առաջարկվեց ինձ կարդալ, որն, ի դեպ, Սունդուկյան թատրոնում բեմադրելու առիթ եմ ունեցել: Ձայնասկավառակում մեկնաբանությունը մի քիչ այլ է՝ ես ավելի շատ ռեժիսորի մեկնաբանությամբ եմ կարդացել, այլ ոչ որպես միայն դերասան: «Խոսող գրքեր» ծրագրում ես նորաբնակ եմ և շատ մեծ հաճույքով եմ մասնակցել աշխատանքներին: Եթե կրկին առիթ լինի, նախագծի հեղինակին պիտի խնդրեմ անպայման ինձ մասնակից դարձնել»,- ասաց դերասան Դ. Հակոբյանը:

Նախագծի հեղինակ Գ. Կլեկչյանը նաև հավաստիացնում է, որ մեր հանրապետության տեսողական խնդիր ունեցող անձանց համար թողարկվող գրականությունն ուղղակի անհրաժեշտություն է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ նրանք շատ ինտելեկտուալ են, բայց չունեն համապատասխան դաշտ: «Խոսող գրքերում», այդուհանդերձ, ոչ միայն ներկայացված է արժեքավոր գրականություն, այլև՝ պրոֆեսիոնալ խոսք, երաժշտական, հնչյունային ձևավորում:

Նաև նշենք, որ 2006-ից նախագծի հեղինակ Գայանե Կլեկչյանն այս աշխատանքները կատարում է ինքնուրույն, առանց հովանավորչության կամ ֆինանսավորման: Նա կարողանում է հավաքել այն թիմը, ովքեր պատրաստ են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար մեծագույն հաճույքով աշխատանք կատարել՝ առանց որևէ ակնկալիքի:

Անդրադառնալով վերջերս Հայաստանում ձևավորված աուդիոգրքերի շուկային` Գ. Կլեկչյանը նշում է, որ «Խոսող գիրք» տարբերակը, ի տարբերություն աուդիոգրքերի՝ ոչ միայն գրական ինֆորմացիա է, այլ նաև՝ շատ պատկերավոր է բեմադրված:

«Օրինակ՝ մենք ներկայացրել ենք Օ’ Հենրի, որտեղ ամբողջը 1960-197-ականների ջազով է արված, Մարկեսը միստիկ է ներկայացված: Ընդհանրապես երաժշտական ձևավորումը Վահան Նահապետյանը հրաշալի է անում: Շուկայում գործող աուդիոգրքերի հեղինակները պետք է ուսումնասիրեն, տեսնեն` ինչ ենք արել մենք, որպեսզի իրենք չանեն, որովհետև, երբ դիտարկում ես ոլորտը՝ Հովհաննես Թումանյանից սկսվում և ավարտվում է այն»,- ընդգծեց Գ. Կլեկչյանը՝ հավաստիացնելով, որ ինչպես` նախորդ, այնպես էլ` նոր թողարկված ձայնասկավառակը կհատկացվի Արցախին և մայրաքաղաքի թիվ 14 տեսողական խնդիրներ ունեցողների դպրոցին: Չնայած դրան՝ «Խոսող գրքերը» տեղադրված են համացանցում, և այն կարող են ներբեռնել նաև մեր սփյուռքահայ հայրենակիցները:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս