ՀՀ ԿԳՆ-ն արձագանքում է «Հյուսիսային» համալսարանի մի խումբ աշխատակիցների բողոքին
Արձագանքելով որոշ ԶԼՄ-ներում, այդ թվում 168.am կայքում տեղ գտած «Հյուսիսային» համալսարանի մի խումբ աշխատակիցների՝ արձակուրդային չվճարելու համար աշխատանքից հեռացնելու վերաբերյալ բողոքներին, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանին ուղղված հրապարակային հարցադրումներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարությունը պատասխանատվություն է կրում ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթության միասնական քաղաքականության մշակման և իրականացման համար:
Բարձրացված խնդիրը, որպես գործատու-աշխատող պայմանագրային հարաբերություններ, կարգավորվում են ՀՀ Աշխատանքային օրենսդրությամբ և դուրս է նախարարության գործառույթների շրջանակից: Հիշեցնենք, որ «Հյուսիսային» համալսարանը մասնավոր ընկերություն է, և նախարարը իրավասություններ չունի ուղիղ հանձնարարականներ տալու նրան: Եթե «Հյուսիսային» համալսարանի մի խումբ աշխատակիցներ գտնում են, որ իրենց իրավունքները խախտվել են, կարող են դիմել դատարան:
ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն