Բուհի ռեկտորը բոյկոտում է Կրթության նախարարին

Ապրիլի 23-ին Հայաստան է ժամանում Օրենբուրգի Մենեջմենթի պետական համալսարանի ռեկտոր Օլեգ Սվիրիդովի ղեկավարած պատվիրակությունը: Նախատեսվում է, որ Սվիրիդովը պետք է Հայաստանի կառավարության հետ պայմանագիր ստորագրի իր ղեկավարած բուհի մասնաճյուղը Հայաստանում հիմնելու մասին:

Ինչպես հայտնի է` 2000թ. վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացավ, որ առաջիկա 10 տարիների ընթացքում Հայաստանը պետք է ունենա միջազգային չափանիշներին համապատասխանող առնվազն 10 բուհ: Երևի համոզվելով, որ Հայաստանում գործող բուհերը հնարավոր չէ դարձնել միջազգային չափանիշներին համապատասխանող, Հայաստանի վարչապետը որոշել է իր խոստումը կատարելու համար այդ 10 բուհերը ներմուծել արտասահմանից: Եթե մինչև 2020թ. Հայաստանում լինի արտասահմանյան 10 բուհի մասնաճյուղ, հնարավոր կլինի ասել, որ խոստումը 100 տոկոսով կատարվել է: Այլ հարց է, թե ում են պետք այդ բուհերը:

Հայաստանում տարեցտարի պակասում է բուհ դիմողների քանակը, բուհերի ռեկտորները բողոքում են, որ, եթե այսպես շարունակվի, ապա բուհերը պետք է կանգնեն օպտիմալացման եզրին և միավորվեն: Իշխանությունները պետական բուհերին օգնելու նպատակով խստացնում են մասնավոր բուհերի գործունեության պայմանները, ստիպելով նրանց փակվել: Այս պայմաններում Հայաստանում նոր ռուսական համալսարան բացելը ուղղակի անհասկանալի է: Ավելի ճիշտ` հասկանալի, բայց միայն` ռուսների տեսակետից: Պարզ է, որ ռուսներն ուզում են, որ Հայաստանից Ռուսաստան մեկնողներն ունենան ռուսական չափորոշիչներին համապատասխան կրթություն, որպեսզի Ռուսաստան մեկնելու պարագայում ավելի հեշտ ինտեգրվեն ռուսական իրականությանը:

Մի խոսքով, ռուսական բուհի նպատակը լինելու է` աջակցել «Համաերկրացիներ» վերաբնակեցման ծրագրին, նախապատրաստելով այնպիսի համարերկրացիների, ովքեր մշակութային, կրթական և այլ չափորոշիչներով կհամապատասխանեն վերաբնակեցման չափորոշիչներին:

Գաղտնիք չէ, որ ռուսների դժգոհությունը վերաբնակներից կապված է նրա հետ, որ նրանք իրենց մենթալիտետով, կենցաղվարությամբ, լեզվի չիմացությամբ կամ վատ իմացությամբ չեն ինտեգրվում ռուսական հասարակությանը, ապրում են գետտոներով, և դրանով հանդերձ` խնդիր են դառնում հասարակության այլ անդամների համար: Այնպես որ, ավելի հեշտ է ապագա վերաբնակներին կրթել և դաստիարակել հենց տեղում, քան դա անել վերաբնակեցումից հետո:

Բայց հիմա անդրադառնանք մեկ այլ խնդրի, որը ոչ թե մշակութաբանական է, այլ զուտ արարողակարգային: Մեր ունեցած տեղեկություններով` Օլեգ Սվիրիդովի ղեկավարած պատվիրակությունը հանդիպելու է վարչապետ Տիգրան Սարգսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Բայց նույն աղբյուրների փոխանցմամբ, ռուսաստանցի պաշտոնյան հրաժարվել է հանդիպել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ, թեև նրանց Հայաստան գալու նպատակը զուտ կրթական է: Իշխանական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Սվիրիդովի ղեկավարած պատվիրակությունը պատրաստ է հանդիպել Կրթության և գիտության նախարարության որևէ վարչության պետի հետ, բայց ոչ` Արմեն Աշոտյանի հետ: Թե ինչո՞ւ են ռուսներն այդպես որոշել, պաշտոնական բացատրություն չկա:

Այս այցը կազմակերպող որոշ պաշտոնյաներ կարծում են, որ ռուսներն ավելի լավ են տեղեկացված Հայաստանի ներիշխանական վերադասավորումներին, և հնարավոր է՝ տեղեկություն ունեն, որ Արմեն Աշոտյանը չի լինելու ապագա կառավարության կազմում, ուստի անիմաստ են համարում հանդիպել մի մարդու հետ, ով հանդիպումից ընդամենը 10 օր հետո դառնալու է նախկին նախարար: Իսկ փոխնախարարները և վարչության պետն այդ իմաստով ավելի ապահով են, քանի որ, անկախ նախարարի անձից, նրանք գրեթե միշտ անփոփոխ են: Օրինակ, եթե Տիգրան Սարգսյանը վերանշանակվել է վարչապետ, ապա կարելի է վստահաբար ասել, որ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը կշարունակի մնալ իր պաշտոնում: Բայց եթե Հայաստանում որևէ մեկը չգիտի ապագա կառավարության կազմը, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոր-նոր է նշանակվել և չի հասցրել ձևավորել նոր կառավարության կազմը, որտեղի՞ց ռուսական միջին կարգի բուհի ռեկտորը պետք է իմանար, թե ով է լինելու Հայաստանի կրթության նախարարը, կամ արդյոք նախարարը վերանշանակվելո՞ւ է, թե՞ փոխարինվելու: Թե՞ ռուսները ոչ միայն տեղեկանում են, այլև իրենք են ձևավորում Հայաստանի կառավարությունը, և այդ պատճառով կարող են իրենց պաշտոնյաներին նախապես զգուշացնել, թե ում հետ իմաստ ունի հանդիպել, իսկ ում հետ` ոչ:

Հնարավոր է նաև, որ ռուսական բուհի ռեկտորը խուսափում է կրթության և գիտության նախարարի հետ հանդիպումից, քանի որ Աշոտյանն ընդգծված ռուսասեր չէ և ժամանակ առ ժամանակ իրեն թույլ է տալիս ոչ այնքան ռուսահաճո արտահայտություններ, հանդես է գալիս Հայաստանի եվրոպական ինտեգրման օգտին, ու նաև դրանով տարբերվում է Հայաստանի մյուս պաշտոնյաներից:

Բայց եթե դա այդպես է, և ռուսական պետական բուհի ռեկտորն իրեն թույլ է տալիս բոյկոտել հայ նախարարին` նրա քաղաքական հայացքների համար, սա ոչ միայն արարողակարգի կոպիտ խախտում է, այլև վատ վարքի նշան: Դրան ի պատասխան, պետք է նրա հետ հանդիպելուց հրաժարվեին նաև վարչապետը և քաղաքապետը: Արմեն Աշոտյանը ոչ միայն կրթության և գիտության նախարար է, այլև իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի փոխնախագահը: Բայց Հայաստանում ո՞վ այդքան համարձակություն կարող է ունենալ, որ բոյկոտի ռուս պաշտոնյային, որքան էլ որ նրա պաշտոնը ցածր լինի:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս