Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը` Հայաստանում մարդու իրավունքների մասին

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է նախորդ տարի աշխարհում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը: Հայաստանին առնչվող մասում անդրադարձ է կատարված նաև 2012 թվականի մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին:

ԵԱՀԿ դիտորդները թեև նախընտրական կամպանիան համարել են մրցունակ, այնուամենայնիվ կարծում են, որ խախտվել են կամպանիայի մի շարք դրույթներ, ինչն անհավասար պայմաններ է ստեղծել մասնակիցների համար և հակասել է ԵԱՀԿ-ի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Նախագահ Սերժ Սարգսյանի «Հանրապետական» կուսակցության գլխավորած իշխող դաշինքը շարունակում է գերիշխել Հայաստանի քաղաքական համակարգում:

Նախորդ տարի Հայաստանում մարդու իրավունքների ամենամեծ խախտումներն առնչվել են իրենց կառավարությունը փոխելու քաղաքացիների իրավունքների սահմանափակմանը, կառավարությունում թափանցիկության բացակայությանն ու կոռուպցիային և դատական իշխանությունների անկախության սահմանափակմանը:

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին առնչվող խախտումներն իրենց հերթին վերաբերում են իշխող կուսակցությանն աջակցելու նպատակով պետական ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործմանը, ընտրողներին գնելու հավաստի փորձերին, թերացումների մասին բողոքներին ու հայտարարություններին և Ընտրական օրենսգրքի շարունակվող թերություններին` չնայած որոշակի բարելավմանը:

Իշխանական բոլոր մակարդակներում կոռուպցիայի ամուր արմատ ձգելու մասին պնդումները խաթարել են օրենքի գերակայությունը` թեև իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել ցածր ու միջին մակարդակի կոռուպցիոն դեպքերի պատժման համար: Դատարանները նախկինի նման գործադիր իշխանության կողմից ենթարկվում են քաղաքական ճնշման, ինչը հանգեցրել է քաղաքական դրդապատճառներով մի շարք հետապնդումների ու դատավճիռների կայացման:

Նախորդ տարվա ընթացքում գրանցվել են զինծառայողների մի շարք կասկածելի մահվան դեպքեր, որոնք տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում: Բացի այդ, զեկույցում նշված է, որ սպաներն ու ծառայակիցները կոշտ վերաբերմունք են ցուցաբերել նորակոչիկների նկատմամբ:

Ոստիկանությունը շարունակում է դիմել կտտանքների ու ծեծի` ձերբակալված քաղաքացիների հարցաքաննության ժամանակ խոստովանական ցուցմունքներ ստանալու համար: Շատ բանտեր լեփ-լեցուն են, գտնվում են հակասանիտարական վիճակում, բանտարկյալներին չի բավականացնում բժշկական ծառայությունը: Իշխանությունները շարունակել են առանց հիմնավոր կասկածների, կամայականորեն ձերբակալել ու կալանել մարդանց:

Դատական գործընթացները հաճախ ձգձգվում են, դատարանները չեն պահպանում արդար դատական գործընթաց ապահովելու, պետության կողմից դատական գործընթացին չմիջամտելու օրենքը: Նախընտրական շրջանում ԶԼՄ-ներին նախկինի նման չի բավականացրել քաղաքական բազմակարծությունը և տվյալ գործընթացի օբյեկտիվ լուսաբանումը: Կրոնական փոքրամասնության ներկայացուցիչները խտրականության են արժանանում հասարակությունում:

Ընտանեկան բռնությունները շարունակում են մնալ խնդիր, սակայն դրանց մասին հիմնականում չեն հաղորդվում իշխանություններին: Իշխանություններն ուժեղացրել են մարդավաճառության դեմ պայքարը: Սահմանափակ հնարավորություններով մարդիկ խտրականության են բախվում կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

ԼԳԲՏ-ի (Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ և Տրանսգենդեր, անգլերեն՝ Lesbian, Gay, Bisexual and Transgender) ներկայացուցիչները ենթարկվում են սոցիալական չարաշահման և զինվորական ու բանտային ղեկավարության կողմից ենթարկվում են խտրական վերաբերմունքի: Աշխատավորների իրավունքները սահմանափակ են, իսկ Աշխատանքային օրենսդրությունը թույլ է վերահսկվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս