Բաժիններ՝

«ՀայՌուսգազարդ»-ը հաստատում է, որ բնակչության վիճակը տխուր է

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը նախօրեին մի հաղորդագրություն էր հրապարակել, որը պատշաճ ուշադրության չարժանացավ, սակայն իրականում լուրջ ահազանգ է պարունակում իր մեջ։

Այսպես, ըստ  «ՀայՌուսգազարդ»-ի հաղորդագրության՝  ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2013 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 7,8%-ով՝ կազմելով 667.7 մլն խ.մ: Մինչդեռ իրացման ծավալները նվազել են. նշված ժամանակահատվածում իրացվել է 557.7 մլն խ.մ, ինչը 1 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Գազի սպառման 1%-անոց նվազումը՝ որպես այդպիսին, անհանգստության տեղիք չի տալիս։ Սակայն երբ դիտարկում ենք այդ նվազման մանրամասները՝ արդեն հարցեր են առաջ գալիս։

Պարզվում է՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արդյունաբերության և էներգետիկայի ոլորտների կողմից գազի սպառման ծավալները նախորդ տարվա համեմատ ավելացել են, համապատասխանաբար, 1,3%-ով և 55,9%-ով: 15,3%-ով ավելացել են նաև ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 97.2 մլն խ.մ:

Կարդացեք նաև

Մինչդեռ բնակչության կողմից սպառված բնական գազի ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են 13,6%-ով՝ կազմելով 229.5 մլն խմ։ 8,8%-ով էլ նվազել են այլ սպառողների կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով 83 մլն խմ:

Ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները այս տարի 13.6%-ով ավելի քիչ գազ սպառել։

Եղանակային պայմանները չեն փոփոխվել։ Այսինքն՝ այս տարի ավելի տաք չի եղել, քան նախորդ տարվա սկզբին։

Ուրեմն մնում է երկու բացատրություն։

Առաջին՝ մարդիկ սկսել են խնայել, և նախընտրում են մի թեթև մրսել, քան շատ գազ սպառել։

Եվ երկրորդ՝ գազ սպառողների թիվը նվազել է. այսինքն՝ արտագաղթն ազդել է գազի սպառման ցուցանիշի վրա։

Կամ էլ գործ ունենք երկու պատճառների խառնուրդի հետ։

Եթե «ՀայՌուսգազարդ»-ը կամ, ասենք, էներգետիկայի նախարարությունը կարող են երրորդ պատճառ նշել, մեծ հաճույքով կանդրադառնանք և կհրապարակենք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս