Գեղարվեստի ակադեմիայի նախկին պրոռեկտորը հերքում է մեղադրանքը
«Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու վերաբերյալ գործով ամբաստանյալ, Ակադեմիայի արդեն նախկին պրոռեկտոր Սվետլանա Գևորգյանն այսօր հայտարարեց, որ ինքը գումար չի տեսել, գումար չի վերցրել: Իր հետ չի եղել նաև խոսակցություն գումարները վերադարձնելու մասին:
Ըստ «Փաստինֆոյի»՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա նիստում ամբաստանյալն իր ցուցմունքներում հայտնեց նաև, որ ինքը չի օգնել որևէ դիմորդի, այդ թվում՝ դիմորդ Էդուարդ Բարբարյանին ընդունվել Ակադեմիա: Ընդամենը գործով ամբաստանյալ, Ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիզյանի խնդրանքով խնդրել է տեսնել, թե ինչպես է նկարում վերջինիս «բարեկամի երեխա» Է.Բարբարյանը: Ս. Գևորգյանն ընդգծեց, որ իր դեմ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, սակայն «հիմքեր չեմ տեսնում»:
«Ինչո՞ւ է Խ.Ազիզյանն իր դեմ մեղադրական ցուցմունքներ տվել»՝ հարցին ի պատասխան Ս.Գևորգյանը նշեց՝ «իր կաշին էր փրկում»:
Ըստ նրա՝ երևի Խ.Ազիզյանին բացատրել են, որ կաշառք ստանալն ավելի ծանր հանցագործություն է, քան կաշառք ստանալուն միջնորդելը: Ս.Գևորգյանը հավելեց, որ ինքը Խ.Ազիզյանի հետ այնքան մտերիմ չի եղել, որպեսզի վերջինս իրեն կաշառք վերցնելու առաջարկ աներ:
Ըստ ամբաստանյալի՝ ինքը նույնպիսի ցուցմունք է տվել նաև ոստիկանությունում, որտեղ ընդհանուր առմամբ բարյացակամ էին իր հետ, սակայն այդուհանդերձ սպառնում էին, որ իրեն կալանքի կվերցնեն, հուշում, թե ինչպես կարելի է իր վիճակը մեղմացնել, իսկ ինքը տարակուսում էր:
Ըստ մեղադրանքի՝ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր Ս. Գևորգյանը և Ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հ. Փայասլյան՝ միաժամանակ լինելով 2012-2013 թթ ուսումնական տարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի` համապատասխանաբար նախագահի տեղակալ և պատասխանատու քարտուղար, իրենց վերապահված լիազորություններն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
Նրանք, ըստ մեղադրանքի, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2012թ ապրիլին ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խ. Ազիզյանի միջնորդությամբ ընդունել են ակադեմիայի դիմորդ Էդուարդ Բարբարյանի ծնողներից` Ա. Ենոքյանից և Ա. Ֆահրադյանից, առանձնապես խոշոր չափերի 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար ստանալու առաջարկը: Այնուհետև 2012թ մայիսին Խ. Ազիզյանի միջոցով Ս. Գևորգյան և Հ. Փայասլյանը Ա. Ենոքյանից և Ա. Ֆահրադյանից ստացել են առանձնապես խոշոր չափերի` 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք` ակադեմիայի դիմորդ Է. Բարբարյանի քննությունների արդյունքներն ակադեմիա ընդունվելու համար անցողիկ միավորներով ապահովելու միջոցով ակադեմիա ընդունելու համար: