Յուրի Վարդանյանը սխալվել էր Սերժ Սարգսյանի հարցում

ՀՀ նախագահի խորհրդական, ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը, թեև Գյումրիում է գրանցված և մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում ընտրելու իրավունք չունի, սակայն կարծում է, որ Երևանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը եղած թեկնածուների մեջ լավագույնն է:

«Ինչքանով, որ ես անձնապես կարողացել եմ շփվել, խոսել, հասկանալ, Տարոն Մարգարյանը ամենաառաջնահերթ թեկնածուներից մեկն է: Կարևորում եմ նաև այն, որ Հանրապետական կուսակցությունը հենց այնպես չի առաջադրել իրեն: Սա շատ կարևոր հանգամանք է, որ այսպիսի ահռելի ուժ առաջադրել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը, նշանակում է, որ իրենք էլ իրենց բոլոր ուժերով կանգնած կլինեն նրա կողքին»,- կարծում է Յուրի Վարդանյանը:

Նախագահի խորհրդականից մենք հարցրինք, թե ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ Տարոն Մարգարյանը պաշտոնապես հայտարարագրել է մի քանի բնակարան, շինություններ, մի քանի մլն դրամի դրամական եկամուտներ, արդյո՞ք ազնիվ և անկաշառ թաղապետը կամ քաղաքապետը կարող էր դրան հասնել:

Յուրի Վարդանյանը նախ կոռեկտ չհամարեց քննարկել ուրիշի դրամական միջոցները, սակայն, երբ շեշտեցինք, որ խոսքը բիզնեսմենի մասին չէ, այլ պետական պաշտոնյայի, այսպիսի պատասխան տվեց.

«Ես իր ունեցվածքի մասին որևիցե մի տեղեկատվություն չունեմ, բայց ենթադրում եմ, որ Տարոն Մարգարյանը, լինելով մեր երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տղան, կարծում եմ, որ իրենք նորմալ հնարավորություններ, ֆինանսական կարողություններ պետք է որ ունենային: Ես չեմ կարող ասել, թե ինքն ինչպես է դրան հասել: Ես ամենաշատը կարևորում եմ, որ ինքը հավասարակշռված անձնավորություն է, լուրջ վերաբերում է յուրաքանչյուր անհատի: Ես եկել եմ այն եզրակացության, որ ինքը շատ նորմալ անձնավորություն է, դա ինձ համար առաջնահերթ է, իսկ մնացած կողմերը, թե իր պրոֆեսիոնալ գիծը որն է… կամ իր կարողությունները մի քիչ շատ են, մի քիչ… ես ամենակարևորը որպես մարդ եմ ուզում հասկանալ»:

Յուրի Վարդանյանը պնդեց, որ որքանով ինքը հետևել է Տարոն Մարգարյանի գործունեությանը, պաշտոնի չարաշահում չի նկատել, բայց եթե այդպիսի խնդիր կա, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն դրանով: «Ինչո՞ւ չէ, երկրի ղեկավարն էլ պետք է հետևողական լինի, ո՞նց կարող է մայրաքաղաքի ղեկավարը իր պաշոնը չարաշահելով ինչ-որ ֆինանսական կարողություններ կորզի: Դա արդեն անընդունելի կլինի երկրի առաջին դեմքի համար: Բայց ես այդպիսի բան չեմ նկատել, որ Տարոն Մարգարյանը չարաշահել է իր պաշտոնը և այդտեղից է իր ֆինանսական կարողությունները:

Միգուցե դեռ իր հոր ժամանակ իրենք բիզնեսներ են ունեցել, ես չգիտեմ, չեմ հետաքրքրվել այդ հարցով և չեմ կարող այդ հարցով լիարժեք պատասխան տալ»,- ասաց նախագահի խորհրդականը:

Յուրի Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք նրա դրական կարծիքը Տարոն Մարգարյանի վերաբերյալ «ի պաշտոնե» չէ, այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը նրան կներեր այլ թեկնածուի օգտին կարծիք հայտնելու համար: Նախագահի խորհրդականը վստահեցրեց, որ դա իր ներքին համոզմունքն է, իսկ Սերժ Սարգսյանն էլ բոլորովին էլ այնպիսին չէ, ինչպես նրա մասին ապրիլի 13-ին կայացած «Հայ ազգային կոնգրեսի» համագումարում արտահայտվեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Սերժ Սարգսյանը հիշաչար չէ: Ես ինչքանով հասցրել եմ ճանաչել նախագահին, ինքն էդպիսին չէ, շատ բարի անձնավորություն է, որի մասին նախկինում ես բոլորովին էլ այդ կարծիքին չեմ եղել, լրիվ հակառակ կարծիքն եմ ունեցել: Կարծիքս փոխվեց, որովհետև շփվեցի մարդու հետ, նախկինում չէի շփվել: Ինքնագովեստ չլինի, բայց ես իմ կյանքում շատ քիչ եմ սխալվել, շփվելուց հետո հասկացա, որ այդ հարցում սխալվել եմ: Այսօր արդեն վստահ եմ, և ոչ մեկը չի կարող այդ համոզմունքը փոխել. ինքը շատ համեստ, միգուցե չափից ավելի համեստ անձնավորություն է: Մի առիթով նշել եմ, որ շատ կուզենայի, որ 10 մլն հայությունն անձնապես շփվեր իր հետ, և բոլորն իրեն հասկանային, որ ինքը նորմալ անձնավորություն է»,- ասում է Յուրի Վարդանյանը:

Ի դեպ, քաղաքապետի թեկնածուներից` Յուրի Վարդանյանը հարգանքով խոսեց նաև
ՕԵԿ-ի ցուցակը գլխավորող, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մասին, սակայն ասաց, թե չի պատկերացնում՝ արդյո՞ք լավ նախարարը կարող է նաև լավ քաղաքապետ լինել: «Շատ պարկեշտ տղա է: Նա շատ մեծ աշխատանք է տարել, այդ նախարարությունը ոտքի է կանգնեցրել, ամբողջ նախարարությունը, աշխատակազմը երդվում է իր արևով, բայց, որ հստակ չեմ պատկերացնում, թե ինչպիսի քաղաքապետ կլինի: Թող ինձ ների Արմեն Երիցյանը, բայց ես չէի ուզենա, որ ինքը լիներ քաղաքապետ, քանի որ չեմ պատկերացնում, թե այդ նախարարությունն, իրենցից բացի, ով կարող է ղեկավարել պատշաճ ձևով»,- ասաց նախագահի խորհրդականը:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս