Բաժիններ՝

Հարություն Դելլալյան. Տաղանդաշատ կոմպոզիտորն ու մանկավարժը

Հայ կյանքի հանրագիտարան

Ճակատագիրը դեռ մանկության տարիներից, մեկը մյուսին հաջորդող փորձություններով, ականապատել էր Հարություն Դելլալյանի անցնելիք ճանապարհը: Սակայն վերջինս իր հզոր, անկոտրում կամքի ու համոզմունքների, երկրին ու հարազատներին իր նվիրվածության շնորհիվ, այնուամենայնիվ, հաղթահարեց իրեն վիճակված փորձությունները: Ծնվել է Աթենքում 1937թ. օգոստոսի ութին կեսարացի արհեստավոր Երվանդ Դելլալյանի և պոլսեցի Մարի Փաշայանի ընտանիքում, ով բարեկիրթ մի կին էր, մի քանի լեզուների գիտակ, սերում էր Կեսարիայի Փաշայան ազնվական հայտնի գերդաստանից: Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական Կաթողիկե եկեղեցու դպրոցում: Մանկության տարիներին հիտլերյան արհավիրքի տակ տառապող ծննդավայրի փողոցներում ականատես է եղել հարյուրավոր սովյալների անօգնական վիճակին, մահվան տեսարաններին, ռմբակոծություններին: Այդ դժնդակ օրերին ձերբակալել են նաև Հարությունի հորը և տարել Գերմանիա:

Միայն 1945թ., պատերազմի ավարտից հետո հրաշքով փրկված և տուն վերադարձած հայրն ընտանիքին աննկարագրելի ուրախություն է պարգևել: 1947թ. Դելլալյանների ընտանիքը ներգաղթել է Խորհրդային Հայաստան, հաստատվել Երևանում նոր կառուցվող մի թաղամասում, որը հետո Նոր Զեյթուն կոչվեց: Հողամաս են ստացել, տուն կառուցել: Դպրոցական Հարությունը դասերից հետո օգնել է հորը: Ճակատագրի առաջին հարվածը հենց այդ օրերին է եղել: Դժբախտ պատահարից հայրն անգործունյա է դարձել: Վաղաժամ մահացել է մայրը: Դեռ միջնակարգը չավարտած պատանին սևագործ բանվորի կարգավիճակով սկսել է աշխատանքային կենսագրությունը` իր ուսերին վերցնելով ընտանիքի հոգսը: Հետո ծառայություն Խորհրդային բանակում: Բանակից վերադառնալուց հետո ամուսնացել է, երկու դուստր ունեցել:

Երկար տարիներ որպես ֆրեզերագործ բանվոր` աշխատել է Երևանի ֆրեզերային հաստոցների գործարանում: 1972թ. շրջադարձային էր Դելլալյանի համար: Երեսունհինգ տարեկանում ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա: Ո՛չ երաժշտական նոտագրություն գիտեր, ո՛չ էլ գաղափար ուներ լուրջ երաժշտության մասին, բայց հավանաբար մեջտեղ էր եկել արվեստի նկատմամբ մանկության օրերից անթեղված տաղանդը: Շատ լավ Կոմիտաս գիտեր: Դեռ մանկության տարիներից իրենց ընտանիքում Կոմիտասը պաշտամունք է եղել:

Երևանի կոնսերվատորիայի պատմության մեջ սա այն բացառիկ դեպքերից էր, երբ հասուն տարիքի և երկու երեխաների հայրը, ուսումնառությանը զուգընթաց շարունակելով բանվորի իր աշխատանքը, նոր դպրոցն ավարտած պատանիների հետ ընդունվի առաջին կուրս:

Կյանքի անողոք առօրյան ուսումնառության տարիներին ապագա կոմպոզիտորից պահանջել է կամքի մեծ լարում և լուռ, համբերատար զոհողություններ: Աշխատել է գիշերները: Ինչպես ինքն է խոստովանել. «Օրական երկու տոննա երկաթ էր անցնում իմ ձեռքերով, մատներս սևանում էին և փայտանում: Դաշնամուրային դասի գնալուց առաջ կես ժամ տաք ջրի մեջ էի պահում մատներս, որպեսզի կարողանամ նվագել, որպեսզի ամոթով չմնամ դասատուիս առաջ»:

Արժանին պետք է հատուցել իր սիրելի ուսուցիչներ Էդուարդ Միրզոյանին, Ղազարոս Սարյանին, Ավետ Տերտերյանին և Էդուարդ Բաղդասարյանին, ովքեր Հարություն Դելլալյանի մեջ տեսնելով ապագա մեծ կոմպոզիտորին, շարունակ քաջալերել և հուսադրել են իրենց ուսումնատենչ սանին: Հատկանշական է, որ 1978-ին, Կոնսերվատորիան ավարտելուց մեկ տարի անց, Հարություն Դելլալյանը դարձավ ՀԽՍՀ Կոմպոզիտորների միության անդամ: Այդ ժամանակ նա արդեն երկու տասնյակ երկերի հեղինակ էր (դաշնամուրի, ջութակի, թավջութակի, կլարնետի, ֆագոտի համար գրված ստեղծագործություններ, մի քանի սիմֆոնիա, մանկական օպերա և այլն): Նշենք, որ «Փեփուշ» օպերան Դելլալյանը գրել է 1975թ. Վարդգես Բաբայանի (1925-2005) համանուն պոեմի հիման վրա: Նշենք, որ Հ. Դելլալյանը նաև մանկավարժ էր: Դասավանդել է Արվեստի No.1 դպրոցում:
Հայաստանում և աշխարհի տարբեր վայրերում հնչել են Դելլալյանի ստեղծագործությունները: Ինքն էլ շատ դեպքերում հանդես է եկել կատարումներով:

Դելլալյանն արժանացել է մասնագետների ու հանդիսատեսի բարձր գնահատականին: Այս առումով հետաքրքրական է հունգարացի դիրիժոր Զոլթան Պեշկոյի տեսակետը Հ. Դելլալյանի արվեստի հանդեպ. «Հարություն Դելլալյանի ստեղծագործությունների հիմնական առանցքը դեռևս իր ծննդից 22 տարի առաջ տեղի ունեցած հայերի ցեղասպանությունն է, որ կատարվել է 1915թ. Օսմանյան կայսրությունում:

Այս աներևակայելի ողբերգությունը և իր ազգի համընդհանուր ցավը որոշիչ դեր է ունեցել Դելլալյանի արվեստում»: Հ. Դելլալյանի ստեղծագործություններում հայկական ոգին խիստ առարկայական է և որոշիչ: Նրա երաժշտությունը ազգային է, միաժամանակ համամարդկային: Վկայությունները շատ-շատ են, սակայն լավագույնը «Նվիրում Կոմիտասին» դաշնամուրային սոնատն է, որը, Երևանից բացի, կատարվել է նաև Նյու-Յորքում, Լոս Անջելեսում, Բոստոնում, Աթենքում, Լիսաբոնում, Կիպրոսի, Իտալիայի, Ճապոնիայի, Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում: 1990թ. ապրիլի 25-ին Երևանի Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում (այժմ` Ա.Խաչատրյանի անվան) նշանակված էր համերգ Հ.Դելլալյանի արվեստի մեծ երկրպագու, երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի (1930-2004) կատարմամբ:

Հայտագրի մասն էր կազմում նաև Հ.Դելլալյանի «Հաղթական ռեքվիեմը»: Ժամկոչյանի կատարմամբ այս գործն անցել էր երկար ճանապարհ` Ճապոնիա, Գերմանիա, Իտալիա, ԱՄՆ, Կանադա: Երևանում Պերճ Ժամկոչյանի կատարմամբ «Հաղթական ռեքվիեմը» պետք է հնչեր առաջին անգամ, և Հ. Դելլալյանի կյանքում ապրիլի 25-ի կատարումն իր երջանիկ օրերից մեկն էր լինելու: Սակայն նրան վիճակված չէր ներկա գտնվել այդ օրը դահլիճումգ Համերգից երկու օր առաջ` 1990թ. ապրիլի 23-ին` նա վախճանվեց: 53 տարեկան էր մեծ, տաղանդաշատ կոմպոզիտորը, երբ հեռացավ կյանքից:

Անկատար մնացին շատ ու շատ գործեր ու ծրագրեր, որոնցից էր «Լիլիթ» բալետը` ըստ Ավետիք Իսահակյանի համանուն ստեղծագործության: 1991-ին Երևանում լույս է տեսել մեզանում իր տեսակի մեջ եզակի` Հ.Դելլալյանի «Փայտյա փողային գործիքների ձեռնարկ» մենագրությունը: Մեծանուն կոմպոզիտորի մասին մամուլում հրատարակվել են մեծ թվով հոդվածներ: 1992-ին Երևանում լույս է տեսել երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Թամար Հովհաննիսյանի «Հարություն Դելլալյան. կյանքի և ստեղծագործության ուրվագիծ» մենագրությունը: 2005թ. Երևանում հայերեն և անգլերեն լույս է տեսել Հ. Դելլալյանի հիշատակին նվիրված «Նվիրումի հնչյուններ» հոդվածների ժողովածուն: Դրանում ընդգրկված են Կարպիս Սուրենյանի, Պետրոս Ալահայտոյանի, կնոջ` Հերմինե Դելլալյանի, Ռոպեր Հատտեճյանի, Ալբինա Քերոբյանի, Պերճ Ժամկոչյանի, Կարինե Ջրաղացպանյանի և Հենրիկ Անասյանի հոդվածները:

Հ. Դելլալյանը կենդանության օրերին հավուր պատշաճի չգնահատվեց որպես արվեստագետ ու մանկավարժ: Սակայն, ինչպես հայտնի է, մեծությունների ամենաարդար դատավորը և գնահատողը Ժամանակն է…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս