
Թուրքիան նավթագազային համաձայնագիր է ստորագրել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության հետ

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը Թուրքիայի իշխանությունների հետ համաձայնագիր են ստորագրել նավթի ու գազի ուղիղ արտահանման շուրջ: Այս մասին հայտնել են անանուն աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ այդ համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա մարտին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Անկարայում հանդիպել է իր քուրդ գործընկեր Նեչիրվան Բարզանիի հետ:
Համաձայնագրով նախատեսվում է, որ Թուրքիան ցանկանում է մասնաբաժին ստանալ Exxon Mobil ընկերության հետ քրդական կառավարության իրականացվող նախագծերում: Պայմանագրի մյուս մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում:
Քրդական ինքնավարությունը պատրաստ է օրական արտահանել 250.000 բարել նավթ: Մինչև 2015 թվականը դա կարող է հասցվել մինչև 1 միլիոն բարելի, իսկ մինչև 2019 թվականը՝ մինչև 2 միլիոն բարելի:
Ավելի վաղ Թուրքիան հրաժարվել էր Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության հետ էներգետիկ համագործակցությունից: Հունվարին ԶԼՄ-ները հայտնեցին, որ Հյուսիսային Իրաքի հում նավթի առաջին խմբաքանակը բեռնատարով բերվել է Մերսինի նավահանգիստ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ը թույլ չտվեց, որ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի ինքնաթիռը հասնի Էրբիլ՝ նավթագազային համաձայնագրեր կնքելու նպատակով: ԱՄՆ-ը վախենում է, որ դա ճանապարհ կհարթի Իրաքի մասնատման համար: Պաշտոնական Բաղդադը նույնպես ամեն գնով ընդդիմանում է Թուրքիայի ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության էներգետիկ համագործակցությանը: