ԲՀԿ-ի պաշտոնական գծից շեղվածները՝ ըստ Լևոն Զուրաբյանի
«Ցանկացած իրեն հարգող քաղաքական ուժ հասկանում է, որ գնալով Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, ինքն իրեն փչացնում է»,- կարծում է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանին չեն շնորհավորել ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգություն» կուսակցությունը:
Լրագրողների դիտարկմանը, թե ԲՀԿ-ից շատերը մասնակցել են Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն չի մասնակցել: Կարդացեք Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը: Խոսքը գործարարների մասին է, որոնք իրականում պաշտոնական գծից շեղվել են: Իսկ խոսնակի հայտարարությունից հետևում է, որ ԲՀԿ-ն չի շնորհավորել Սերժ Սարգսյանին: Չի նշորհավորել նաև Գագիկ Ծառուկյանը. դա փաստ է»:
Իսկ նախկինում, նրա դիտարկմամբ, քաղաքական այս ուժեը, բացառությամբ ՀԱԿ-ի, մասնակցել են երդմնակալության արարողությանը. «Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ քաղաքական ուժերի մեջ ինչ-որ բան է փոխվել: Սա հեղափոխական փոփոխություն չէ՞: Հանրապետականը, գնալով հայտնվում է մեկուսացման մեջ, փոքրանում են քաղաքական այն հենարանները, որոնք առաջ օգնում էին իրենց կեղծել ընտրությունները: Այն, ինչ կատարվեց այս երկու շաբաթների ընթացքում նույնպես կարևոր էր, այն նույնպես ցույց տվեց ժողովրդի ընդվզումը: Այնպես որ, նաև ժողովրդի ընդվզման շնորհիվ, սահմանափակվում են ռեժիմի կեղծարարության մեխանիզմները»:
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, որ ՀԱԿ կուսակցության ավագանու թեկնածու Վահագն Խաչատրյանը հնարավոր է ինքնաբացարկ հայտարարի, Լ. Զուրաբյանը նշեց, թե «դա հիմարություն է, նման բան չկա»: