PSY-ի նոր տեսահոլովակը ռեկորդային ցուցանիշ է գրանցել YouTube-ում (տեսանյութեր)
NEWSRU.com-ի փոխանցմամբ՝ հարավկորեացի ռեպեր PSY-ի (իրական անունը՝ Պակ Չէ Սան) նոր՝ Gentleman, տեսահոլովակը ռեկորդային ցուցանիշ է գրանցել YouTube վիդեոհոսթինգում դիտումների քանակով:
Տեսահոլովակը YouTube վիդեոհոսթինգում տեղադրվել է ապրիլի 13-ին և այսօրվա դրությամբ ունի ավելի քան 120 միլիոն դիտում: Տեսահոլովակը 100 միլիոն դիտման սահմանագիծը հաղթահարել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում:
Դրանով իսկ PSY-ի Gentleman-ը գերազանցել է Britain’s Got Talent շոուին մասնակցելու շնորհիվ հայտնի դարձած շոտլանդացի երգչուհի Սյուզան Բոյլին, որի I Dreamed A Dream կատարումը 2009 թվականին մեկ շաբաթում ունեցել էր 100 միլիոն դիտում:
35-ամյա Պակ Չէ Սանը, ով հանդես է գալիս PSY կեղծանվամբ, իր հայրենիքում հայտնի է դարձել հումորային տեսահոլովակներով ու համերգներով: Նրա նորամուտը տեղի է ունեցել 2001 թվականին: PSY-ին համաշխարհային ճանաչում բերեց 2012 թվականին նրա Gangnam Style կատարումը: Այս տեսահոլովակը դարձել է YouTube-ի պատմության մեջ ամենաշատ դիտվող տեսահոլովակը. տվյալ պահին այն դիտվել է ավելի քան մեկուկես միլիարդ անգամ: