Յուրի Վարդանյան. Ներսես Նազարյանի փոփոխությունն արդարացված էր

«Ես Երևանի նոր ոստիկանապետին չեմ ճանաչում, հեռակա գիտեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը՝ խոսելով Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մասին:

168.am-ի այն դիտարկմանը, թե հենց երեկ փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից տեղեկատվություն տարածվեց ոստիկանության համակարգում Աշոտ Կարապետյանի իրականացրած դաժանությունների, մասնավորապես՝ ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանին անձամբ դաժանաբար ծեծելու մասին, Յուրի Վարդանյանն արձագանքեց, թե ինքն այդ մասին այսօր մամուլում է կարդացել, սակայն անձամբ որևէ բան չգիտի այդ մասին:

«Բոլոր բնագավառներում էլ փոփոխություններ եղել են և կլինեն, ինչո՞ւ եք դուք հենց այս պահի վրա կանգն առել: Երբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր եկավ, բավականին լայնածավալ փոփոխություններ արեց, հետո թվում էր, թե կանգնեց այդ փոփոխությունների շարանը, բայց  հիմա՝ ընտրություներից հետո բարձրաստիճան մի քանի ոստիկանների փոփոխություն արեց: Դա նորմալ է, դա իրենց ներքին խնդիրն է»,- կարծիք հայտնեց նախագահի խորհրդականը՝ հավելելով, որ փոփոխությունները տեղին էին:

Յուրի Վարդանյանի համոզմամբ, երկար տարիներ նույն տեղում աշխատելը ճիշտ չէ, և այնպես ստացվեց, որ «10 տարի Երևանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Ներսես Նազարյանի՝ այս պաշտոնից հեռանալու ժամանակն էր»: Նրա ճակատագիրը, սակայն, ըստ Յուրի Վարդանյանի, անորոշ չի լինի: «Չեմ կարծում, որ նույն ոստիկանապետը, ով կադրերի ռեզերվում է, իրեն գործ չի լինի»,- նշեց Յուրի Վարդանյան:

Նա անձամբ որևէ իրադարձության հետ Երևանի ոստիկանապետի փոփոխությունը չի կապում, թեև, ըստ ծանրամարտի չեմպիոնի, մամուլը տարբեր վարկածներ է առաջ քաշում:

Տեսանյութեր

Լրահոս