Բաժիններ՝

Այսօր Լոնդոնում տեղի կունենա Մարգարետ Թետչերին հրաժեշտ տալու արարողությունը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Լոնդոնի Սուրբ Պողոս տաճարում տեղի կունենա նախկին վարչապետ Մարգարետ Թետչերին հրաժեշտ տալու արարողությունը: Դրան մասնակցելու հրավեր է ստացել մոտ 2000 մարդ:

«Երկաթյա լեդիին» հրաժեշտ տալու արարողությանը ներկա կգտնվեն երկրների ու միջազգային կառույցների 200 պաշտոնական ներկայացուցիչներ: Խոսքը գնում է այն երկրների մասին, որոնք Մեծ Բրիտանիայի հետ պահպանում են բարեկամական հարաբերություններ:

Ակնկալվում է, որ դրան ներկա կլինի նաև Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը, ինչպես նաև բրիտանական կառավարության բոլոր անդամները՝ վարչապետ Դևիդ Քեմերոնի գլխավորությամբ: 1965 թվականին Ուինսթոն Չերչիլի հուղարկավորությունից հետո առաջին անգամ թագուհին ներկա կգտնվի նախկին վարչապետին հրաժեշտ տալու արարողությանը:

Ակնկալվում է, որ հուղարկավորությանը կմասնակցեն ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետները, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, ինչպես նաև ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի ընտանիքի ներկայացուցիչները:

Անվտանգությունն ապահովելու է մոտ 4000 իրավապահ: Հրաժեշտի արարողությանը մասնակցելու է ավելի քան 800 զինծառայող, որոնք 1980-ական թվականներին մասնակցել են Արգենտինայի դեմ մղված Ֆոլկլենդյան պատերազմին:

Հիշեցնենք, որ Մարգարետ Թետչերը  մահացել է ապրիլի 8-ին՝ 87 տարեկան հասակում: Բարոնուհի Թետչերը 1979-1990 թվականներին հանդիսացել է Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետը: Նա պատմության մեջ առաջին և միակ կինն է, ով գլխավորել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս