Պետության խրախուսանքը վնասարարներին
2003թ. Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության պահից սկսած, 10 տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներով ՀՀ պետական բյուջեից վճարվել է ավելի քան 400 հազար եվրո։ Սա նշանակում է, որ ՀՀ դատաիրավական համակարգի՝ Ոստիկանության, Դատախազության մի շարք աշխատակիցների և որոշ դատավորների մեղքով պետական բյուջեն զգալի վնասներ է կրում։
Ոմանք միգուցե որևէ արտառոց բան չեն տեսնի սրանում. ՄԻԵԴ-ում միայն Հայաստանի գործերով չէ, որ վճիռներ են կայացվում։ Կասեն նաև, որ անգամ ամենազարգացած եվրոպական երկրների դատաիրավական համակարգը սխալներ է թույլ տալիս, որի արդյունքում ՄԻԵԴ-ի վճիռներով այդ երկրների բյուջեներից փոխհատուցումներ են տրվում տուժածներին։
Իհարկե, դա ճիշտ է։ Սակայն այդ երկրների ու Հայաստանի միջև կա մի մեծ տարբերություն։ Եվրոպական երկրներում սխալ որոշում կայացրած դատավորի, սխալ գործողություններ իրականացրած ոստիկանի կամ դատախազի նկատմամբ գոնե պատասխանատվության մեխանիզմներ են գործում։ Եթե նրանց սխալի պատճառով պետական բյուջեն վնաս է կրել, ապա դա հենց այնպես չի անցնում-գնում։ Առավելևս, եթե գործը հասարակական հնչեղություն ունի, ապա չի բացառվում, որ մեղավորները ոչ միայն վարչական, այլ նաև քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Որովհետև ՄԻԵԴ-ի վճիռը ոչ միայն և ոչ այնքան ֆինանսական առումով է վնաս հասցնում պետությանը, այլ հարվածում է նաև երկրի հեղինակությանը։
Իսկ Հայաստանում գործում է հակառակ պրակտիկան։ Այս տարիների ընթացքում պետությանը լրացուցիչ ծախսի տակ գցած իրավապահներից ու դատավորներից որևէ մեկը չի պատժվել, կամ գոնե՝ նկատողության արժանացել։ Փոխարենը, ՄԻԵԴ գործերով անցնող գլխավոր դերակատարները կարող են հավակնել ավելի բարձր դիրքի։
Ամենաթարմ օրինակը Աշոտ Կարապետյանի նշանակումն է՝ Երևանի ոստիկանապետի պաշտոնում։ Իսկ Աշոտ Կարապետյանը, ինչպես այսօր հիշեցրել է փաստաբան Վահե Գրիգորյանը, այն անձն է, ով լուրջ մասնակություն է ունեցել ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանի գործում։
Վերջինս անձամբ հայհոյել, ծեծել և նվաստացրել է Վիրաբյանին։ Իսկ այդ գործով ՄԻԵԴ-կայացրել է վճիռ՝ հօգուտ Վիրաբյանի՝ ըստ էության հիմնավորված համարելով, որ Ա.Կարապետյանն ու մյուսները, մեղմ ասած, չափն անցել են։
Արդյունքում, Գ.Վիրաբյանը զգալի փոխհատուցում է ստացել ՀՀ պետական բյուջեից, իսկ գլխավոր դերակատարներից մեկը՝ Ա.Կարապետյանը, ինչպես տեսնում ենք, նշանակվել է Երևանի ոստիկանապետ։