Բաժիններ՝

Վերջին 15 տարում առաջին անգամ նվազել են համաշխարհային ռազմական ծախսերը. SIPRI

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) հրապարակել է համաշխարհային ռազմական ծախսերի մասին իր նոր զեկույցը: Դրա համաձայն, նախորդ տարի համաշխարհային ռազմական ծախսերը նվազել են 0.5 տոկոսով՝ համեմատած 2011 թվականի հետ և կազմել են 1.75 տրիլիոն դոլար, ինչը համարժեք է գլոբալ ՀՆԱ-ի 2.5 տոկոսին:

Այդ անկումն առաջինն է վերջին 15 տարվա ընթացքում (1998 թվականից սկսած): Ամեն դեպքում գլոբալ ռազմական ծախսերը այսօր ավելի շատ են, քան «Սառը պատերազմի» թեժ ժամանակաշրջանում: Փորձագետները կարծում են, որ մոտ ապագայում պահպանվելու են այդ միտումները, և հետագա 2-3 տարիներին կրճատվելու են համաշխարհային ռազմական ծախսերը: Դա ծայրահեղ դեպքում լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ ՆԱՏՕ-ն 2014 թվականի ավարտին Աֆղանստանից դուրս չի բերել զորքը:

Համաշխարհային ռազմական ծախսերի նվազեցման մեջ հիմնական դերը խաղացել է ԱՄՆ-ի, Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի, ինչպես նաև Ավստրալիայի, Կանադայի ու Ճապոնիայի ծախսերի կրճատումը: Դրա հետ մեկտեղ աճել են մյուս տարածաշրջանների ռազմական ծախսերը:

Խոսքը գնում է Արևելյան Եվրոպայի, Ասիայի, Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի մասին: SIPRI-ն ընդգծել է, որ արևմտյան զարգացած երկրները սկսում են իրենց տեղը զիջել աշխարհի տարբեր մասերի երկրներին:

Ռազմական ծախսերի հարցում առաջատար ԱՄՆ-ի մասնաբաժինը Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ նվազել է ավելի քան 40 տոկոսով: 2012 թվականին ԱՄՆ-ը ծախսել է 682 միլիարդ դոլար, ինչը 2011 թվականի համեմատ 6 տոկոսով ավելի պակաս է:

SIPRI-ի հաշվետվության համաձայն՝ արևմտաեվրոպական երկրների մեծ մասը նույնպես կրճատել է իր ռազմական բյուջեն, որում քիչ դեր չի խաղացել գլոբալ ճգնաժամը: 2008 թվականից 31 եվրոպական երկրներից 18-ը, որոնք հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ, իրենց ծախսերը կրճատել են 10 տոկոս:

Չինաստանը և Ռուսաստանը իրենց ռազմական ծախսերի ցուցանիշով զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը: Ռուսաստանը դրանք ավելացրել է 16 տոկոսով (տարեկան՝ 12.3 միլիարդ դոլար), իսկ Չինաստանը՝ 7.8 տոկոսով (11.5 միլիարդ դոլար): Այդ երկրների վերջնական ցուցանիշները դեռ չեն հրապարակվել, սակայն նախորդ տարի Ռուսաստանի ռազմական ծախսերը կազմել են 91 միլիարդ դոլարից քիչ պակաս, իսկ Չինաստանինը՝ 166 միլիարդ դոլար:

Ռազմական ծախսերն ամենաշատն ավելացրել է Օմանը՝ 51 տոկոս: Պարագվայի ցուցանիշը կազմել է 43 տոկոս, Վենեսուելայինը՝ 42 տոկոս: Ուկրաինան իր հերթին նախորդ տարի ռազմական ծախսերն ավելացրել է 24 տոկոսով:

war1

war2

war3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս