Ինչո՞ւ է Հանրապետական հիվանդանոցի տնօրենը դարձել ՀԱԿ վարչության անդամ

Ապրիլի 13-ին տեղի ունեցած ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվեց 43 հոգանոց վարչություն. 22-ը` նախկին ՀՀՇ կուսակցության կողմից, իսկ 21-ը` ՀԱԿ նախաձեռնող խմբի: Այս վարչության անդամների զգալի մասը հասարակությանը այս կամ այն կերպ հայտնի մարդիկ են, ովքեր տարբեր ժամանակներում կամ եղել են իշխանության մեջ, կամ իրենց դրսևորել են` որպես ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Բայց այս ցուցակում կա մեկը, ում ներկայությունն իսկական շոկ է առաջացրել հանրության լայն շրջանում: Խոսքն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ-ի, կամ, ավելի պարզ ասած Հանրապետական հիվանդանոցի գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորի Գրիգորյանի մասին է: Նա ՀԱԿ կուսակցության վարչության մեջ է ընդգրկվել ՀԱԿ նախաձեռնող խմբի կողմից:

Հայաստանում ընդունված չէ, որ գործարարները և խոշոր ընկերությունների տնօրենները դառնան ընդդիմադիր կուսակցությունների անդամներ, առավել ևս` ընդգրկվեն դրանց ղեկավար մարմիններում: Իսկ որ «Արմենիա» բժշկական կենտրոնը լուրջ բիզնես է, կարծում ենք, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Բուժհաստատությունները բիզնեսի այն տեսակն են, որ առավել սերտորեն են կապված պետության, այսինքն` իշխանության հետ, քանի որ կա պետպատվերով իրականացվող բժշկական ծառայությունների խնդիր, իրականացված ծառայությունների դիմաց վճարումների, ինչպես նաև` բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք հատուկ են այլ բիզնեսների ևս: Այսինքն` բժշկական նման կենտրոնի համար իշխանությանը հակադրվելն ուղղակի կարող է կործանարար լինել:

Այդ դեպքում ինչո՞ւ պետք է Գրիգոր Գրիգորյանը դիմեր նման ռիսկային քայլի: Մի՞թե հանուն գաղափարական այն խորը և համապարփակ ընդհանրությունների, որ նա կարող էր ունենալ ՀԱԿ-ի հետ: Գուցե նրան ևս, որպես գործարարի, գերել է երկրում բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու ՀԱԿ ծրագիրը, և լինելով բուրժուայի տիպիկ օրինակ` նա որոշել է ազատվել ավազակապետության կապանքներից: Սա, իհարկե, հնարավոր վարկածներից մեկն է, բայց ոչ միակը: Ցավոք, մենք չկարողացանք անձամբ զրուցել պարոն Գրիգորյանի հետ և լսել նրա բացատրությունը: Նրա հեռախոսն ամբողջ օրվա ընթացքում անհասանելի էր: Բայց հայտնի է, թե ինչպիսի բացատրություն է նա տվել իր շրջապատի ներկայացուցիչներին:

Գրիգորյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ երբ իրենք զարմացած նրանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է դիմել նման քայլի, նա հայտարարել է, որ ինքը միշտ էլ ընդդիմադիր է եղել իշխանությանը, միշտ էլ դժգոհ է եղել վարվող քաղաքականությունից, և սա չպետք է զարմանալու առիթ դառնար: Նա բողոքել է, որ իշխանությունները քաղցր աչքով չեն նայել իր ղեկավարած հաստատությանը, մշտապես ստուգումներ են ուղարկել իր ղեկավարած հիվանդանոց, և ամեն անգամ հիվանդանոցը տուգանվել է 30-40 միլիոն դրամով, պետպատվերը տեղաբաշխել են այլ հիվանդանոցներում, իսկ եթե անգամ պետպատվեր են իջեցրել, ապա վճարումների հարցում միշտ թերացել են:

«Դրանից ավելի էլ ի՞նչ պետք է անեն իշխանությունները»,- ասել է Գրիգորյանը` նկատի ունենալով, որ իշխանություններն ինչ վատություն կարողացել` արել են: Սա, իհարկե, այնքան էլ ճշմարտանման չէ, քանի որ, եթե ցանկություն լինի, 30-ի փոխարեն կարող են տուգանել 100 կամ 200 միլիոն, մինչև վերջնական սնանկացում: Այնպես որ, այս բացատրությունն ամենահեռուն է իրականությունից և ամենաանարժանահավատը: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվեին Հայաստանի բոլոր գործարարները, ապա ՀԱԿԿ վարչությունում բոլորը բիզնեսի ներկայացուցիչներ կլինեին:

Պետք է չբացառել նաև կատարվածի այլ վարկած, որը կարող է ավելի մոտ լինել իրականությանը: Սկսենք նրանից, որ ըստ տարածված խոսակցությունների` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ-ն ունի ընդամենը երեք բաժնետեր` սեփականատեր:

Գրիգոր Գրիգորյանը նրանցից ընդամենը մեկն է: Մյուս սեփականատերը համարվում է նախկին զինվորական դատախազ, կրկին նախաձեռնող խմբի կողմից ՀԱԿ կուսակցության վարչության անդամ դարձած Գագիկ Ջհանգիրյանը: Իսկ երրորդը համարվում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Ընդ որում, վերջինս համարվում է հանրապետական հիվանդանոցի ամենախոշոր բաժնետերը: Իսկ նա չի ընդգրկվել ՀԱԿԿ վարչության կազմում, այլ, ընդհակառակը մասնակցում էր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը:

Այսինքն՝ շարունակում է մնալ գործող իշխանության հիմնասյուներից մեկը: Որևէ բանական մարդու մոտ չի կարող կասկած անգամ լինել, որ Արկադի Ղուկասյանին պատկանող հիվանդանոցը կարող էր հայտնվել հարկային մարմինների ճնշման տակ: Մի այնպիսի ճնշման, որ դրա արդյունքում հիվանդանոցի գլխավոր տնօրենը ստիպված լիներ դառնալ ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ:

Այդ դեպքում ինչի՞ արդյունքում է Գրիգոր Գրիգորյանը նման որոշում կայացրել: Ինչպես հայտնի է, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ իր շրջապատում ունեցել է մարդկանց, ում միջոցով կարողացել է հաղորդակցվել իշխանությունների հետ: Նման մարդկանց սովորաբար անվանում են «հեռախոս»: Մինչև վերջերս ՀԱԿ-ի և իշխանությունների կապն ապահովում էր Մանուշակ Պետրոսյանը, ում Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն էր լիազորել` ՀԱԿ-ի կողմից բանակցել իշխանությունների հետ: Սակայն տիկին Պետրոսյանը մեկնել է Սոչի և զբաղված է շինարարական բիզնեսով, և հանգամանքների բերումով չի կարող իրականացնել իր առաքելությունը:

Հնարավոր է, որ Գրիգոր Գրիգորյանը ՀԱԿԿ վարչության կազմում փոխարինում է նրան: Եթե Գրիգորյանն իսկապես ՀԱԿԿ վարչությունում ապահովելու է իշխանության հետ կապը, և եթե դրան համաձայնվել են նաև իշխանությունները, ապա կարելի է կասկած անգամ չունենալ, որ Հանրապետական հիվանդանոցը ոչ միայն խնդիրներ չի ունենա իշխանության և նրա տարբեր կառույցների հետ, այլ որպես լրացուցիչ ծառայության փոխհատուցում` կարող է ստանալ ավելի մեծ պետպատվերներ և լրացուցիչ ֆինանսավորում:

Այս սխեմայի արդյունքում շահող է դառնում նաև Գագիկ Ջհանգիրյանը: Մի կողմից` եթե ավելանում է Հանրապետական հիվանդանոցին տրվող պետպատվերի քանակը, և մեծանում է եկամուտը` նա շահում է` որպես բաժնետեր: Իսկ մյուս կողմից` եթե գործընկերդ դառնում է իշխանության և ընդդիմության կապի ապահովողը, ապա կարելի է այդ կապն օգտագործել նաև սեփական խնդիրներն այդ կապի միջոցով օգտագործելու համար: Ինչպես տեսնում ենք` բավական շահավետ որոշում է` գործարքի բոլոր մասնակիցների համար:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս