Բյուլենթ Արընչը Ֆրանսիայում բնակվող թուրքերին առաջարկել է երկքաղաքացիություն
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիա մեկնած Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչն այդ երկրում բնակվող և քաղաքացիություն ունեցող թուրքերին առաջարկել է ընդունել նաև Թուրքիայի քաղաքացիությունը:
Արընչի խոսքերով՝ Ֆրանսիայում բնակվող թուրքերը պետք է ակտիվորեն մասնակցեն այդ երկրի քաղաքական կյանքին. «Ֆրանսիայում թուրքերը պետք է հատուկ դերակատարություն ունենան երկրի կյանքում»:
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան կայքի տվյալներով՝ Ֆրանսիայում բնակվում է ավելի քան 400.000 թուրք, որի կեսն ունի երկքաղաքացիություն:
Հիշեցնենք, որ թուրքական մամուլն օրեր առաջ տեղեկատվություն տարածեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փորձելու է իրականացնել իր նախընտրական խոստումը` ընդունելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Այդ կապակցությամբ Օլանդը գտել է «միջին լուծում»:
Սոցիալիստների նոր օրինագիծը հիմնված կլինի Եվրամիության օրենսդրության վրա: Դրա համար հիմք կծառայի ԵՄ կողմից ընդունված Շրջանակային բանաձևը (2008 թվականի նոյեմբերի 28), որտեղ սահմանվում է, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունների ժխտումը Եվրամիության տարածքում պետք է արժանանա պատժի (1-3 տարի)։