Բաժիններ՝

2013թ. առաջին եռամսյակում ՃՏՊ-ների հետևանքով մահացել է 57 հոգի

«2013թ. ապրիլի 14-ի դրությամբ ՀՀ -ում պետական հաշվառման է վերցվել 625 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել են 57 և մարմնական վնասվածքներ ստացել 897 մարդ: Նշված 57 զոհերից երկուսը եղել են անչափահասներ»,- ամփոփելով 2013թ. առաջին եռամսյակը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ՝ ՃՏՊ-ների քանակն աճել է 110-ով, իսկ զոհերի թիվը մնացել է անփոփոխ, վիրավորների թիվը ևս աճել է 155-ով, սակայն Նորիկ Սարգսյանը ՀՀ ում վթարայնության ընդհանուր վիճակը գնահատեց բավարար:

2011-2012թ. ընթացքում ՀՀ է ներմուծվել 62 000 տրանսպորտային միջոց: Հնամաշ մեքենաներին փոխարինելու են եկել ժամանակակից արագընթաց տրանսպորտային միջոցները, այնուամենայնիվ ճանապարհային ոստիկանությունը, ըստ նրա, աչալուրջ է և կանխարգելիչ աշխատանքներ է իրականացնում սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը բացահայտելու ուղղությամբ։

Ն.Սարգսյանի խոսքով՝ ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թվի նվազումը պայմանավորված է, թե՛ ամրագոտիներով և թե՛ հանրապետությունում տեղադրված տեսախցիկներով, պակաս կարևոր չէ արագաչափ սարքերի դերը, իսկ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները նպաստեցին երթևեկության կուլտուրայի բարձրացմանը:

Այս տարվա ընթացքում ՀՀ-ում նախատեսվում է արագաչափերի քանակի ավելացում, ներկայումս դրանց թիվը 50-ն է, իսկ մայրաքաղաքի խաչմերուկներում տեղադրված 50 տեսախցիկին կգումարվի ևս 30-ը:

«ՃՏՊ-ների քանակը նվազեցնող այս բոլոր գործառույթներից զատ, շատ ավելի կարևոր է հետիոտնի հետ կատարել աշխատանքներ»,- ընդգծեց Նորիկ Սարգսյանն ու հավելեց, որ դա կնպաստի վրաերթերի քանակի կրճատմանը: Այս տարվա առաջին եռամսյակում ՃՏՊ-ների հետևանքով 57 զոհից 20-ը զոհվել են վրաերթի հետևանքով:

Նշենք, որ 2008թ.-ին ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 407, 2009թ.-ին՝ 325, 2010թ.-ին՝ 294, 2011թ.-ին՝ 327, իսկ 2012թ-ին՝ 311 մարդ:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս