Բաժիններ՝

Ալլահի գոյությանը չհավատացող թուրք հայտնի դաշնակահարը դատապարտվեց պայմանական ազատազրկման

CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Ֆազիլ Սայն այսօր ստամբուլյան դատարանի կողմից դատապարտվել է 10 ամսվա պայմանական ազատազրկման՝ կրոնական արժեքներն անարգելու համար:

Նշվում է, որ Սայը «հակաիսլամական, սադրիչ» հայտարարություններ է տեղադրել Twitter-ի իր միկրոբլոգում: Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հանդեպ իր հակակրանքը չթաքցնող Ֆազիլ Սայը հերքում է իր կողմից մուսուլմանների հանդեպ թշնամական վերաբերմունք ցուցաբերելը:

Նա հայտարարել է, որ Թուրքիայում պահպանողական իսլամի ազդեցության աճն իրեն հարկադրում է լքել երկիրը՝ տեղափոխվելով Ճապոնիա: Այն բանից հետո, ինչ երիտասարդը խոստովանեց, որ աթեիստ է, սուր քննադատության արժանացավ Թուրքիայում: Ալլահին չհավատալու մասին նրա հայտարարությունը մեծ հուզում առաջացրեց թուրք հասարակությունում:

Թուրքական օրենքներով՝ կրոնական արժեքներին անարգելը պատժվում է 3 ամսից մինչև 1.5 տարի ժամկետով: Սայն ընդգծել է, որ եթե ինքը հայտնվի բանտում, ապա դա վերջ կդնի իր երաժշտական կարիերային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս