ՀՀԿ-ն արհամարհո՞ւմ է սև քարոզիչներին
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մոտ մեկ շաբաթ առաջ ստեղծվել է «Ավելի լավ Երևան առանց Տարոն Մարգարյանի» էջը, որտեղ ոչ միայն ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու, ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերաբերյալ բավական կոպիտ և վիրավորական նյութեր և կոլաժներ են տեղադրված, այլև հայհոյախառը քննարկումներ են ընթանում: Ապրիլի 8-ին ստեղծված այս էջն արդեն հավանել է 1050 օգտատերեր:
168.am-ը փորձեց մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարզամանովից պարզել, թե արդյոք պատրաստվո՞ւմ են դիմել Ոստիկանություն, պատասխատվության ենթարկել էջը ստեղծողներին կամ որևէ կերպ դրա գործունեությունը կասեցնել, սակայն նա որևէ հստակ պատասխան չտվեց: «Մենք հիմա զբաղված ենք մեր քարոզարշավով, և ավելի լավ Երևանն իր մեջ չի ներառում ատելություն և նմանատիպ սև քարոզչություն: Իսկ այն, որ տարբեր տիպի թույլիկ ուժեր կփորձեն ուժեղին խփել, իրենք ավելի կթուլանան»,- այսպիսի պատասխան ստացանք Էդուարդ Շարմազանովից:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս «Ֆեյսբուքում» նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի «համար» էր ստեղծվել նմանատիպ էջ՝ «Ես զզվում եմ Արմեն Աշոտյանից» անվանումով: Ի դեպ, ՀՀԿ-ական շրջանակներում այս էջերի ստեղծումը կապում են «Բարգավաճ Հայաստանի» ակտիվիստների հետ՝ որպես սև քարոզչություն: