Ինչպիսի՞ն է մարտական լողորդների պատմությունը
Topwar.ru կայքում հրապարակվել է Ռոման Շկուրլատովի «Մարտական լողորդներ. երեք տարերքի ռազմիկներ» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Այս եզակի ռազմական մասնագիտության ներկայացուցիչներին անվանում են տարբեր կերպ՝ ջրասուզակ-հետախույզներ, ստորջրյա դիվերսանտներ, «մարդ-գորտեր», «կենդանի տորպեդներ», «ծովահրեշներ»:
Նրանց անվանում են տարբեր կերպ՝ կախված պատմական ժամանակաշրջանից ու գործողության վայրից, ինչպես նաև կատարվող առաջադրանքների բնույթից: Սակայն բոլոր ժամանակներում էլ նրանց իրավամբ համարել են լավագույներից լավագույնը, որոնք առանձնանում են իրենց բարձր արհեստավարժությամբ:
Ներկայումս նույնպես բաց է մնում այն հարցը, թե մարդը երբ է առաջին անգամ ռազմական նպատակներով իջել ջրի տակ: Պատմաբանների մեծ մասը կարծում է, որ մարտական լողորդները հայտնվել են մ.թ.ա 480 թվականին՝ հույների ու պարսիկների միջև ծավալված առաջին ծովամարտերի հետ միաժամանակ:
Հերոդոտի վկայությամբ՝ հմուտ լողորդների համբավ ունեցող Սկիոն կղզին ներկայացնող հելլեն Սկիլն ու նրա դուստր Գիդնան, սուզվելով ջրի տակ, հասել են թշնամական նավերին ու կտրել են խարիսխների ճոպանները: Գիշերը տեղի ունեցած սարսափելի փոթորիկն ափամերձ ժայռերի վրա է նետում և ջարդում պարսիկների մի քանի տասնյակ ռազմանավեր:
Այդպիսով, դա կարելի է համարել մարդկության պատմության մեջ մարտական լողորդների իրականացրած առաջին հաջող դիվերսիոն գործողությունը: Սուզակներին առանձնահատուկ արդյունավետությամբ օգտագործում էին Հին Հռոմում:
Այստեղ անգամ գոյություն ուներ հատուկ ստորաբաժանում («ուրինատորես»), որի առաջադրանքների թվում, բացի թշնամական նավահանգիստներում հետախուզական ու դիվերսիոն գործողություններ իրականացնելը, մտնում էր նաև ստորջրյա հետազոտումը և սեփական նավերի վերանորոգումը:
Ժամանակի ընթացքում կատարելագործվեցին նաև ջրասուզակների մարտավարական հնարքները: 1203 թվականին իսպանական Անդելիս ամրոցի համար տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ արաբ լողորդներին հաջողվեց վառոդով լի տակառ դնել ամրոցի հիմքի ստորջրյա հատվածի մոտ և դրանով իսկ պայթեցնել ամրոցի պատերից մեկը:
1565 թվականին Մալթայի ասպետների ամրոցը պաշարած թուրքերը ոչնչացրին քրիստոնյաների առափնյա մարտկոցները, ինչն արվեց ջրասուզակների կողմից դրանց մոտ վառոդային ականներ տեղադրելու միջոցով:
16-րդ դարի սկզբին իտալացի Լեոնարդո դա Վինչին ստեղծեց իր ժամանակվա համար հեղափոխական շնչառական սարք, որն աշխատում էր սեղմված օդով լեցուն բալոնով, ինչպես նաև սկաֆանդրի նախատիպը՝ խորություններով տեղաշարժվելու համար:
Ինժեներ-գիտնականի բացատրողական գրառումները վկայում են, որ դրանք ստեղծվել են բացառապես ռազմական նպատակներին ծառայելու համար: Սակայն մարտական լողորդների ժամանակակից ռազմական մասնագիտությունն ի հայտ եկավ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին:
1918 թվականի ամռանն իտալական նավատորմի ռազմական ինժեներները սովորական տորպեդի բազայի վրա նախագծեցին փոխադրիչ՝ նախատեսված թիրախի մոտ դիվերսանտներին գաղտնի տեղ հասցնելու համար: Այդ պարզունակ կիսաստորջրյա մինինավակն ունակ էր զարգացնել միայն 2 հանգույցից քիչ ավելի (3.74 կմ/ժամ) արագություն:
Մեքենան ղեկավարում էր երկու մարդուց բաղկացած անձնակազմը, որոնք նստում էին տորպեդի վրա, սակայն տեղաշարժման ժամանակ նրանց գլուխներն ու ուսերը հայտնվում էին ջրի տակ: Չնայած տեխնիկական տեսանկյունից սարքի բոլոր թերություններին՝ այդ «նոու-հաուն» մարտական պայմաններում ամբողջովին արդարացրեց իրեն:
1918 թվականի նոյեմբերի 1-2-ին իտալացի երկու սպաների հաջողվեց աննկատ մոտենալ ավստրիական «Վիրիբուս Ունիտիս» գծանավին և նրա ստորջրյա հատվածի մոտ տեղակայել ժամային մեխանիզմով ական: Դրան հաջորդած հզոր պայթյունի արդյունքում 21.000 տոննա ջրատարողությամբ ռազմանավը հայտնվեց ջրի տակ:
Մուսոլինիի իշխանության գալուց հետո 1929 թվականից Իտալիան սկսեց ակտիվորեն պատրաստվել նոր պատերազմի: Ի թիվս այլ հավակնոտ պլանների, դուչեն առաջ քաշեց Հռոմեական կայսրության վերածնման գաղափարը՝ Օգոստոս Օկտավիանոսի դարաշրջանում առկա սահմաններում:
Սակայն դրան խանգարում էր այն, որ Միջերկրական ծովում գերիշխում էր բրիտանական նավատորմը: Առավել ուժեղ հակառակորդի դեմ արդյունավետ պայքար մղելու համար 1941 թվականի մարտին ձևավորվեց MAS 10-րդ թեթև նավատորմիկը: Այդ ստորջրյա ստորաբաժանումը ղեկավարում էր Իտալական թագավորական նավատորմի 2-րդ կարգի կապիտան, կնյազ Յունիո Վալերիո Բորգեզեն, ով առավելապես հայտնի է որպես «սև կնյազ»:
Այդ ստորջրյա ստորաբաժանումն իրենում ներառում էր ղեկավարվող տորպեդների անձնակազմերի համար վարժարան, ինչպես նաև Լիվոռնոյի մոտ գտնվող Սան Լեապոլդոյի ստորջրյա դիվերսանտների դպրոցը:
Այստեղ կուրսանտներն անցնում էին մանրակրկիտ տեսական ու գործնական նախապատրաստություն, սովորում էին օգտվել թթվածնային սարքերից, կատարել հեռավոր տեղաշարժեր՝ երկու կիլոմետրանոց ստորջրյա երթեր, երկար ժամանակ մնալ ջրի տակ, հաղթահարել ստորջրյա արգելափակոցներն ու տեղադրել պայթուցիկ սարքեր:
Դիվերսանտների դպրոցն իրենից ներկայացնում էր փակ աշխարհ և պահվում էր խիստ գաղտնի: Մարտական լողորդ դառնալու ցանկություն հայտնած կամավորները պարտադիր անցնում էին խստագույն բժշկական հետազոտություն և հոգեբանական կայունության թեստեր:
Կնյազ Բորգեզեի սանների ամենահաջող գործողությունն իրականացվեց 1941 թվականի ձմռանը, Ալեքսանդրիայի նավահանգստում: 6 մարտական լողորդի հաջողվեց մուտք գործել խստագույն պահպանության տակ գտնվող նավահանգիստ և պայթեցնել անգլիական «Վելիենթ» և «Քուին Էլիզաբեթ» գծանավերը, ինչպես նաև ջրասույզ անել մեկ հեղուկանավ: Բրիտանացիների գծանավերը ստացան այնպիսի լուրջ վնասվածքներ, որ փաստացիորեն շարք չվերադարձան մինչև Իտալիայի կապիտուլյացիա լինելը՝1943 թվականի սեպտեմբեր:
Մարտական լողորդներ գոյություն ունեին նաև Երրորդ ռեյխում: Ոչ ստանդարտ եղանակներով ծովային պատերազմ մղող ֆաշիստական առանցքի երկրները ցանկանում էին ինչ-որ կերպ փոխհատուցել իրենց նավատորմերի ակնհայտ թուլությունը: 1944 թվականի մարտին Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատարությունը ձևավորեց K (kleinkampfverband բառի կրճատ ձևը, բառացի՝ «փոքր մարտի միավորում» ) դիվերսիոն-գրոհային միավորումը:
Դրա մեջ մտան մարդու կողմից ղեկավարվող տորպեդների, պայթող մոտորանավակների, մարտական միայնակ լողորդների ու մինի-սուզանավերի ջոկատները: Ֆաշիստական Գերմանիայում ստորջրյա դիվերսանտների մարտական նախապատրաստության մեթոդները բավական անսովոր էին:
Այդ միավորման մարտիկներից մեկը պատմել է, որ իրենք Օլլադենի մեթոդով անցել են այսպես կոչված «արիության ոչ մեծ քննություն». «Մենք 8-10 հոգի էինք, մեզ դուրս բերեցին բաց տեղանք և հրամայեցին պառկել գետնին՝ դրանով իսկ ձևավորելով 4 մետր տրամագծով շրջան: Ապա այդ շրջանի կենտրոնում պայթեցրին ձեռքի նռնակ, ինչից հետո դրա բեկորները թափվեցին մեզ վրա»:
K միավորումն իրականացրել է ոչ քիչ թվով հաջող գործողություններ, որոնց առավել հայտնիներն Անտվերպենի նավահանգստի նավանցման ջրարգելակի (շլյուզ) ավերումն է, Հոլանդիայում Օռն ու Վաալ գետերի ու Արևելյան Գերմանիայի Օդեր գետի վրայի կամուրջների պայթեցումը: Հենց գերմանացիներն են առաջին անգամ օգտագործել թեթև ջրասուզակներ՝ գետային դիվերսիաներ իրականացնելու, ինչպես նաև ափամերձ կարևոր ռազմական օբյեկտների ոչնչացման համար:
Հաստատապես հայտնի է, որ գերմանացի երկու մարտական լողորդ, որոնք մնացել էին հարձակվող Կարմիր բանակի թիկունքում և պլանավորում էին հերթական գործողությունը, Գերմանիայի պարտության մասին իմացել են միայն մայիսի 12-ին: 1945 թվականի ապրիլին Գերմանիայի կայսերական գրասենյակի ներքևում գտնվող բունկերում պատսպարված Ադոլֆ Հիտլերը պահանջել էր, որ իր անձնական թիկնազորը ձևավորվի հենց K միավորման մարտիկներից:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարտական լողորդների ստորաբաժանումներ ի հայտ եկան աշխարհի բազում երկրների ուժային կառույցներում: Մարտական լողորդի առաջադրանքն է՝ լողալով տեղ հասնել, տեսնել ու հաղթել»: