Բաժիններ՝

Հայ դեռահասները ինտերնետ մտնում են սոցցանցերի, իսկ հեռուստատեսություն դիտում են սերիալների համար

Հայ դեռահասների 70%-ը ինտերնետ է մտնում շփվելու համար, հետևաբար այցելում է սոցիալական ցանցեր, մեծամասամբ Odnoklassniki.ru և հիմնականում ոչ թե իրենց իրական անուններով, այլ՝ կեղծ: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը՝ ներկայացնելով իրենց կատարած երկամյա հետազոտական ծրագիրը, որն իրականացվել է Հայաստանի ողջ տարածքում 2011-2013թթ. շուրջ 5000 դեռահասների (12-16տ.) շրջանում` պարզելու համար՝ էլեկտրոնային մեդիայի, հեռուստատեսության, համակարգչային խաղերի  և ֆիլմերի ազդեցության խնդիրներին:

Նման հետազոտություն մեր երկրում իրականացվում է առաջին անգամ, այն կատարվել է պետական պատվերի շրջանակներում:

Ըստ հետազոտության՝ դեռահասները սոցցանցերից օգտվելիս երկրորդ տեղում նախապատվությունը տալիս են Facebook-ին, որտեղ, ի տարբերություն Odnoklassniki-ի, նրանք հիմնականում ներկայանում են իրենց իրական անունով:

Ընդհանուր առմամբ՝ հարցումները ցույց են տվել, որ դեռահասներից գրեթե բոլորը օրական 1-3 ժամ անցկացնում են սոցիալական ցանցերում, խաղում են տարբեր տիպի համակարգչային խաղեր և միայն նրանց շատ քիչ տոկոսը՝ 10-20%-ն է մտնում ինտերնետ՝ տեղեկատվություն ստանալու համար:

Կարդացեք նաև

Այս մասին ասաց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի տեսության և պատմության ամբիոնի դասախոս Զարուհի Սարգսյանը:

Բանախոսների խոսքով՝ որպես ուսումնասիրության թիրախային խումբ ընտրվել են դեռահասները, քանի որ ամենից շատ մեդիայի և համակարգչի ազդեցությունը մեծամասամբ ազդում է հենց նրանց աշխարհայացքի ու մտածելակերպի վրա:

Ըստ հարցումների՝ հեռուստաեթերում դեռահասների ամենասիրված հեռուստաարտադրանքը սերիալներն են, իսկ դրանց մեջ առաջին հորիզոնականում է «Բանակում» հեռուստասերիալը, «Դժվար ապրուստը», «Վիտամին ակումբ» հաղորդաշարը և «Կարգին սերիալը»:

«Այսօր դեռահասները սերիալների ամենաշատ սպառողներից են, և պետք չէ սերիալներին անլուրջ վերաբերվել, այլ դրանց միջոցով փորձել որոշակի բացերը լրացնել՝ հայրենասիրություն և այլն»,- ասաց Ա. Մենեմշյանը:

Ի դեպ, հետազոտության ընթացքում մի շարք հետաքրքիր փաստեր են արձանագրվել: օրինակ՝ պարզվել է, որ դեռահասների 74%-ի կարծում է, որ բանակում ծառայությունն անհրաժեշտություն է, նրանց 24%-ը ցանկանում է, որ ինքը կամ իր եղբայրը ծառայեին իրենց բնակության վայրին մոտ, և միայն հարցվածների 6%-ն է կարծում, որ ամեն կերպ խուսափելու է  ծառայությունից: Հարցվածների 53%-ը կարծում է, որ կլքի հայրենիքը, առավել լավ պայմաններ եթե առաջարկվեն դրսում, 41%-ը չի լքի հայրենիքը, իսկ 6%-ը համոզած է, որ Հայաստանը ապրելու տեղ չէ:

Գրքի վերաբերյալ հարցումներից ստացված պատկերը ըստ բանախոսների՝ գոնե թվերի տեսքով հուսադրող է: Այսպես, պարզվել է, որ դեռահասների 75%-ը հաճույքով է գիրք կարդում, 14%-ը՝ պարտադրված, իսկ 6%-ի համոզմամբ ընթերցանությունը պարզապես ավելորդություն է:

Նշենք, որ հետազոտության պատվիրատուն ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն է, որին և առաջիկայում ուսումնասիրությունը կատարողները պետք է հանձնեն ամբողջական հետազոտությունը, նրանց խոսքով՝ ուսումնասիրությունը ինտերնետում կհայտնվի դրանից հետո միայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս