Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցից առաջ Մոսկվայում կկազմակերպվի զանգվածային ակցիա
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի փոխանցմամբ՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցից օրեր առաջ՝ ապրիլի 21-ին, Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան (ՄՀԵԱ ) կազմակերպում է զանգվածային ակցիա, որի նպատակը հասարակության ուշադրության հրավիրումն է Թուրքիայի կողմից պատմական իրողության հերքման փաստի վրա և ժխտողական այդ քաղաքականության դեմ բողոք հայտնելը:
Նշվում է, որ ՄՀԵԱ-ն առաջին անգամ է անցկացնում նման ձևաչափով ակցիա: 500 քառակուսի մետր տարածքի վրա փռվելու է Օսմանյան կայսրության քարտեզը, որի վրա դրվելու են մարդու դեմքի մեծությամբ կարմիր գույնի դիմակներ, որոնք իրենց հերթին կխորհրդանշեն զոհվածներին:
Ապա ակցիայի մասնակիցները, շարք կազմելով, կգրեն «Թուրքիա, արդարությունը հաղթանակում է»: Ակցիայի անցկացման վայրը հստակեցվում է, այդ մասին կհայտարարվի ավելի ուշ: Մեկ տարի առաջ էլ ՄՀԵԱ-ն բողոքի ակցիա էր կազմակերպել Տարաս Շևչենկոյի անվան հրապարակում:
Այն ժամանակ այդ հրապարակում հավաքվել էր մի քանի հարյուր մարդ, որոնք կրում էին կարմիր գույնի հագուստ, ինչը խորհրդանշում էր 1915 թվականին երիտթուրքերի սկսած սպանդը: Նրանք սև գույնի գործվածքեղենից վիթխարի պաստառ էին պարզել, որի վրա գրված է եղել. «1915 թվականի Հայոց ցեղասպանությունը առանց վաղեմության ժամկետի հանցանք է: Արդարությունը հաղթանակում է»: