Բաժիններ՝

Հայ երգիչ-երգչուհիները համախմբվել են հանուն կենդանիների

Կենդանիներին օգնելու, որդեգրելու և նրանց մասին հոգ տանելու համար արդեն բարձրաձայնում են  նաև հայ երգիչ-երգչուհիները:

Երգիչներ Էրիկը, Գուրգեն Դաբաղյանը, Այդին Դավուդին, Նարեկ Բավեյանը, երգչուհիներ Նարինե Դովլաթյանը, Լայանան, Dj Vakcina, Lazzaron և այլոք կոչ են անում կենդանիների հանդեպ հոգատար և կարեկից վերաբերմունք սուցաբերել:

«Խնդիրը նրանում է, որ հայտնի մարդիկ ունեն ազդեցության բավական մեծ շրջանակ, այսինքն՝ նրանց միջոցով մենք կարողանում ենք ընդգրկել թիրախային խմբեր, որոնք հնարավոր է՝ անտարբեր չեն անտուն կենդանիների ճակատագրերի հանդեպ: Մեր նպատակն է հնարավորինս շատ մարդկանց հասցնել մեր միտքը, այն է՝ «Մի գնիր, այլ որդեգրիր»:

Մեր նպատակն է մարդկանց մոտ առաջացնել կարեկցանք անտուն կենդանիների հանդեպ, որպեսզի նրանք գիտակցեն, որ վերջիններս ևս ընտանիքի, հոգատարության կարիք ունեն: Մեր իրականության պայմաններում որդեգրել նշանակում է՝ կյանք փրկել, քանի որ, մնալով փողոցում, նրանց կյանքը վտանգված է ամեն րոպե: Բացի սա, մեր նախագիծը նպատակ ունի պաշտպանել նաև ցեղական և արդեն ընտանիք ունեցող կենդանիներին, քանի որ, ցավոք, շատ են դեպքերը, երբ նման շները ինչ-ինչ պատճառներով հայտնվում են դրսում, կամ ենթարկվում դաժան վերաբերմունքի հենց իրենց տերերի կողմից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Dingo Animal Lovers» թիմի ակտիվիստ, երգչուհի Ալին Գոյան:

Նշենք, որ ակցիայի սկիզբն ազդարարվել է 2013 թվականի ապրիլի 4-ին՝ կենդանիների պաշտպանության միջազգային օրը և տևելու է մեկ տարի:

«Մենք ցանկանում ենք մարդկանց ուշադրությունն ուղղել ոչ թե այն հանգամանքի վրա՝ կենդանին ցեղակա՞ն է, թե՞ ոչ, այլ այն փաստի վրա, որ անկախ այդ ամենից՝ շունը հավատարիմ է իր տիրոջը: Ուզում ենք, որ մարդիկ կենդանիների հանդեպ ավելի հոգատար վերաբերմունք ցույց տան: Հույս ունենք, որ մեր շարքերը գնալով կհամալրվեն: Արդեն իսկ ստանում ենք բազմաթիվ զանգեր. աջակցելու, թիմին միանալու շատ առաջարկներ կան: Զարմանալի և միևնույն ժամանակ ուրախալի է, թե որքան մարդ է հետաքրքրված կենդանիների պաշտպանությամբ»,- ասաց Ալին Գոյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս