Բաժիններ՝

Ռեֆորմիստ Հասան Ռուհանին իր թեկնածությունն է առաջադրել Իրանի նախագահական ընտրություններում

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Նպատակահարմարության խորհրդի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռուհանին պաշտոնապես հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:

Իրանական մի շարք կայքերի կարծիքով՝ ռեֆորմիստ Ռուհանիի թեկնածությանն աջակցում են իրանցի երկու հանրահայտ և ազդեցիկ քաղաքական գործիչներ՝ նախկին նախագահներ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին (1989-1997) և Մոհամմադ Խաթամին (1997-2005):

Այդ մասին է վկայում այն, որ Ռուհանիի կողմից սեփական թեկնածության առաջադրման արարողակարգին ներկա են գտնվել նախկին նախագահների զավակները՝ դրանով իսկ ցույց տալով իրենց աջակցությունը: Ռուհանին ինքը քիչ հավանական է համարել, որ Ռաֆսանջանին ու Խաթամին կառաջադրեն իրենց թեկնածությունները:

Իրանի 11-րդ նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 14-ին: Դրանում կընտրվի Իրանի 7-րդ նախագահը, ով կփոխարինի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, ով գործող սահմանադրությամբ իրավունք չունի 3-րդ անգամ առաջադրել սեփական թեկնածությունը:

Ցայժմ միայն 17 քաղաքական գործիչ է ցանկություն հայտնել՝ մասնակցելու համար առաջիկա նախագահական ընտրություններին: Նրանց մեծ մասը այս կամ այն կերպ կապված են կա՛մ նախկին (Ռաֆսանջանի, Խաթամի), կա՛մ գործող (Ահմադինեժադ) նախագահների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս