«Մի՛ վիրավորեք Ձեր գործընկերներին». Հովիկ Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի՝ Կարեն Անդրեասյանի ներկայացրած՝ 2011 և 2012թթ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցներին՝ ասաց, որ ինքը հիասթափվել է, և այդ զեկույցը գնահատեց՝ որպես «գոլ» և վախվորած զեկույց:
«Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում, օրինակ, շատ հետաքրքիր միտք կա. մտահոգիչ են բազմաթիվ դեպքեր, երբ հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ և պաշտոնի օգտագործմամբ մրցակցային առավելություններ են ստանում: Սա շատ կարևոր շեշտադրում է, բայց քննարկումների ընթացքում հետաքրքիր մի բան տեղի ունեցավ. Պատգամավորներից մի քանիսը պնդում էին՝ ասելով. «Դե անուն ասա, դե անուն ասա», Մարդու իրավունքների պաշտպանն էլ ասում էր՝ «չեմ ասի անուն, չեմ ասի անուն»: Ինչի՞ չեք ասի, պարոն Անդրեասյան, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի անունը չգիտե՞ք»,- ասաց Ն. Փաշինյանը:
Իսկ ՄԻ պաշտպանն ուշադիր, մի տեսակ կնճռոտված հայացքով լսում էր պատգամավորին: Այնուհետ վերջինս նշեց, որ նրա հետ մրցակցելու համար մարդը պիտի կամ դեպուտատ դառնա, կամ նախարար դառնա, կամ «կռիշ» փնտրի որևէ տեղ՝ Ազգային ժողովում, կառավարությունում, նախագահականում:
«Ցանկացած բիզնեսմեն, ով ուզում է մրցակցել, պետք ա լինի կա՛մ էս դահլիճում, կա՛մ կողքի դահլիճում, կա՛մ ներքևի դահլիճում»,- նկատեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ՄԻ պաշտպանի զեկույցում տեղ է գտել համատարած ընտրակաշառքի մասին տեղեկատվությունը, ինչին, սակայն, չարձագանքեցին պատգամավորները: Սա, ըստ Ն. Փաշինյանի, նշանակում է, որ լռությունը համաձայնության նշան է: Այնուհետ նա նշեց, որ ԱԺ դահլիճում հավաքվածներից շատերը քաջատեղյակ են ընտրակաշառքի մեխանիզմի կիրառմանը, և, եթե դա չլիներ, նրանցից շատերը չէին հայտնվի Ազգային ժողովում: Այս դիտարկմանը հակադարձեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ասելով, թե վերջինս չվիրավորի իր գործընկերներին, ովքեր ոչ թե նշանակվել են, այլ ընտրվել:
Ն. Փաշինյանը, ով ելույթն ավարտել էր, Հ, Աբրահամյանի ասածին արձագանքեց՝ նշելով, որ Հ. Աբրահամյանը լավ էլ տեղյակ է իր ասածի ճշմարտացիության մասին:
Ի դեպ, երբ Ն. Փաշինյանը որոշ պատգամավորների ուղիղ մեսիջ էր հղում՝ ընտրակաշառքով նշանակվելու մասին, դահլիճում աշխուժություն էր տիրում, որոշ պատգամավորներ նույնիսկ անթաքույց ժպտում էին: Մեղմ ժպտում էր նաև գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: