Արծվիկ Մինասյան. Ոստիկանությունն այս անգամ կազմակերպված և օրենքներով էր գործում
«Ընդդիմության հետ համագործակցության եզրերը սպառված են», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեկվա իրադարձություններին արձագանքել է իշխող Հանրապետական կուսակցության նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով` այլևս բանակցային առաջարկների չեն սպասում, քանզի Րաֆֆի Հովհաննիսյանը «փակուղում է հայտվել», «ասելիք չունի»:
Իշխող կուսակցության փոխնախագահի համոզմամբ` սխալ էր, որ ոստիկանությունը չօգտվեց օրենքով իրեն տրված լիազորությունից և ուժ չկիրառեց: Նմանատիպ դեպքերի կրկնության պարագայում Սահակյանն ավելի կոշտ քայլեր է ակնկալում.
«Ոստիկանությունը իր լիազորություններն ամբողջությամբ պիտի իրականացնի, որովհետև օրենքը պիտի գործի, օրենքը դերակատարում պիտի ունենա, ոչ թե մարդկանց գնահատականը, թե որ պահին ինչպես պետք է վերաբերվել»:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը (ԲՀԿ) ասել է, թե վստահ չէ, որ Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկած ոստիկանները կպատժվեն: Նրա խոսքով` ոստիկանության երեկվա գործողությունները չի կարելի օրինաչափ համարել:
«Ես արդեն ջրբաժան են տեսնում: Հասարակությունը կարծես թե բաժանվել է երկու մասի: Որովհետև այստեղ բաժանում են` մենք և դուք: Իսկ իրականում խոսքը մեր ժողովրդի մասին է, իսկ այդպիսի ջրբաժան մտցնելն ուղղակի անընդունելի է», – ասել է Վարդանյանը:
Դաշնակցական Արծվիկ Մինասյանը, չնայած իրավապահների «որոշակի անհամաչափ գործողություններին», ոստիկանության քայլերում ընդհանուր առմամբ առաջընթաց է «Ազատության» հետ զրույցում ասել է. «Ի տարբերություն նախկիններում, ոստիկանությունն այս անգամ կազմակերպված և օրենքներով էր գործում: Եվ դա դրական զարգացում ես դիտում եմ»:
Հարցին, թե ինչու Դաշնակության ղեկավարները երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին չէին, Մինասյանը պատասխանել է, թե իրենք գործողությունների ծրագիր են ակնկալում, որով իշխանությանը հնարավոր կլինի ստիպել կոնկրետ զիջումների գնալ.
«Երեկվա միջադեպն էլ ցույց տվեց, որ մեր առաջարկած ճանապարհը ճիշտ ճանապարհ է: Հնարավոր չէ միակողմանի ակցիաներ իրականացնելու միջոցով հասնել ինչ-որ արդյունքի»:
«Որքան էլ մենք կարողացել ենք համագործակցություն ձևավորել «Ժառանգության» հետ, այնուամենայնիվ, ճշմարտությունն ավելի մեծ է, ավելի բարձր է: Այլևս իրավունք չկա հասարակությունը տանել նման ծայրահեղ գործությունների», – ասել է Մինասյանը: